Ինչպես տոնական օրերից հետո օրգանիզմը մաքրել տոքսիններից և պահպանել առողջությունը․ բժշկի խորհուրդները

«Շատերին ծանոթ կլինի տոնական օրերից հետո ի հայտ եկող հոգնածությունը, օրվա ընթացքում տրամադրության տատանումները և, իհարկե, նախկինում առկա քրոնիկական հիվանդությունների սրացումը։ Այս բոլորը հետևանք են տոնական օրերին տարատեսակ և մեծ քանակությամբ սննդամթերքների ընդունման, ալկոհոլի չարաշահման և ամենօրյա դրական սթրեսի առկայության, որոնք բերում են օրգանիզմում նյութափոխանակության որոշակի փոփոխությունների և տարատեսակ տոքսինների կուտակման»,- 168am-ի հետ զրույցում այս մասին ասաց բժիշկ-նյարդաբան Սարգիս Աբրահամյանը։

Բժշկի խոսքով՝ հետևելով մի քանի պարզ կանոնների՝ կարող ենք պահպանել մեր առողջությունը և խուսափել տոքսինների բացասական ազդեցությունից։

«Անհրաժեշտ է օրվա ընթացքում օգտագործել 2,5- 3 լիտր ջուր, որն օգնում է օրգանիզմից հեռացնել ջրում լուծվող թունավոր նյութերը՝ քրտնագեղձերի և երիկամների միջոցով։ Պատահական չէ, որ մարդու օրգանիզմը կազմված է  70-80 % ջրից։ Բացի այդ, ջուրն օգնում է ազատվել ավելորդ քաշից։

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր իրենց հատուկ սննդակարգին հետևելու ընթացքում նաև հաճախակի ջուր են օգտագործում, ավելի շուտ են ազատվում ավելորդ քաշից, քան նրանք, ովքեր օգտագործման մինիմալ չափով են բավարարվում: Իհարկե, այս կանոնը չի գործում այն մարդկանց համար, ովքեր ունեն քրոնիկական հիվանդություններ, օրինակ՝ զարկերակային հիպերտենզիա, երիկամային և սրտային անբավարարություն․ նրանք պետք է խուսափեն մեծ քանակությամբ ջուր օգտագործելուց»,- ասաց Սարգիս Աբրահամյանը։

Ըստ բժշկի՝ չափազանց կարևոր է նաև հրաժարվել օրեր առաջ պատրաստված սննդամթերքներից և նախապատվությունը բացառապես տալ թարմ սննդամթերքների ընդունմանը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ միներալներ և վիտամիններ․ «Այդպիսով կնպաստեք տոնական օրերին ծանրաբեռնված նյութափոխանակության կարգավորմանը։ Եվ վերջապես, պետք չէ մոռանալ ֆիզիկական ակտիվության մասին․ առաջին իսկ հնարավորության դեպքում անհրաժեշտ է այցելել մարզասրահ և զբաղվել սպորտով։ Այդպիսով կօգնեք օրգանիզմին ազատվելու տոնական օրերին կուտակած ավելորդ կալորիաներից և պահպանել ձեր առողջությունը»։

Տեսանյութեր

Լրահոս