«Առաջիկա ամիսներից է կախված, թե իրադարձություններն արտաքին ճակատում որ ուղղությամբ կշարժվեն». Տիգրան Աբրահամյան

«Ակնհայտ է, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մի տեսակ երկրորդ պլան էին մղել արտաքին քաղաքական պրոցեսները: Արտաքին քաղաքական օրակարգի առաջնային խնդրի՝ Արցախի հարցով գործընթացները կանգ էին առել՝ մինչ ՀՀ-ում իշխանության ձևավորման պրոցեսն ամբողջովին կավարտվի, որի պարագայում միայն հնարավոր կլիներ լրջորեն մոտենալ բանակցությունների հետ կապված ցանկացած հարցի: Առաջիկա ամիսներից է կախված, թե իրադարձություններն արտաքին ճակատում որ ուղղությամբ կշարժվեն, ըստ այդմ՝ ինչ իրադրություն կլինի առաջնագծում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն են 2019-ի մարտահրավերները:

Ըստ նրա՝ պետք է հստակորեն ձևակերպել մեր առաջնահերթությունները՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքական հարցերի շուրջ, հասկանալ՝ ինչպես և որ ուղղությամբ ենք շարժվելու:

«Բոլոր առումներով իրավիճակը հեշտերից չէ, իսկ սա ենթադրում է, որ մեր եղած ռեսուրսների համատարած մոբիլիզացիա պետք է անել՝ սկսած կադրայինից, վերջացրած ֆինանսականով: Հասարակությունը մեծ անելիք ունի այս ամենում, որովհետև շարժիչը ուժը նա է, սակայն պետությունը պետք է ժամանակին ճիշտ ազդակներ ուղղի հասարակություն»,- ասաց Տ.Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս