
«Իշխանությունը խոշոր սխալների իրավունք չունի». Ստյոպա Սաֆարյան

2019-ին Հայաստանի առաջնային մարտահրավերը լինելու է տնտեսության մոդեռնիզացիան։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը։
«Նոր կառավարությունը ծրագիր է հաստատելու, և սա շատ վճռորոշ մեկնակետ է, այնպես, ինչպես ընտրություններն են։ Ընտրություններով ՀՀ իշխանության ապալեգիտիմության դարաշրջանն ավարտվեց, այժմ այն և՛ համակարգն է չափազանց լեգիտիմացրել, և՛ բավականին մեծ սպասումներ է առաջացրել հասարակության շրջանում։ Այս իմաստով իշխանությունը խոշոր սխալների իրավունք չունի»,- ասաց Ս.Սաֆարյանը։
Ըստ նրա՝ առաջնային է անվտանգության ամրապնդման խնդիրը, և Հայաստանն ուղղակի ստիպված է վերանայել իր և Արցախի անվտանգության ավանդական բոլոր կոնցեպտները, փաստաթղթերը և սկզբունքները. «Երբ մենք դա անենք, կարող ենք արդեն խոսել, որ կարող ենք զարգացման և անվտանգության ֆունկցիան մեր իրականացնել։ Ընդ որում՝ անվտանգություն ի նկատի ունեմ լայն իմաստով՝ արտաքին քաղաքականությունից սկսած՝ մինչև ներքին քաղաքականություն, որոնք մեկը մյուսին պետք է սնուցեն»։
Թե ի՞նչ է սպասվում արտաքին խոշոր գործընկերների հետ հարաբերություններում՝ Իրան, ԱՄՆ, ՌԴ, Ս.Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի համար առանցքային նշանակության երկրները շատ հաճախ միմյանց հետ շատ դաժան հակադրության փուլում են՝ ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Ռուսաստան.
«Մենք ունենք երկու հակառակորդներ, որոնք տարիների ընթացքում գնալով ավելի անկանխատեսելի և անվերահսկելի են դարձել միջազգային մեխանիզմների ու հանրության կողմից, և այս կտրվածքով, իհարկե, խնդիր ունենք այս բոլոր մարտահրավերներին հանգամանորեն անդրադառնալու ու գնահատականներ տալու»։