Բաժիններ՝

Հրանուշ Հակոբյանը խնդրանքով դիմել է Նիկոլ Փաշինյանին

Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը խնդրում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին նախարարությունը փակելուց առաջ ևս մեկ անգամ քննարկել նախարարությունը պահելու տարբերակը: Այս մասին Հակոբյանը նշել է Բեյրութում լույս տեսնող «ԶԱՐԹՕՆՔ» պարբերականի հետ:

«Այսօր ժողովուրդը բացարձակ վստահության քվե է տվել ՀՀ վարչապետին և նրա թիմին, և բնական է, որ վարչապետն է որոշելու երկրի զարգացման հիմնական առաջնահերթությունները։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ դիմել և խնդրել վարչապետին ևս մեկ անգամ քննարկելու նախարարության պահպանման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ մեր ազգի 2/3-ը ապրում է հայրենիքից դուրս և նրանց հետ աշխատանքի հսկայական փորձ է կուտակվել, կան սերտ կապեր ու հարաբերություններ, որոնք հաստատել է տարիների ընթացքում փորձ և գիտելիքներ ձեռք բերած, գործին նվիրված, պատասխանատու և աշխատասեր երիտասարդներից կազմված թիմը»,-նշել է Հրանուշ Հակոբյանը:

«ԶԱՐԹՕՆՔ»-ի հարցին՝ որպես նախարարության հիմնադիր, ինչպես է մեկնաբանում փակման շուրջ բարձրացած աղմուկը, Հրանուշ Հակոբյանը նկատել է. «10 տարի առաջ, երբ Հանրապետության նախագահը ինձ առաջարկեց ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը և ձեռնարկել Սփյուռքի նախարարության ստեղծման գործընթացը, ես առաջարկեցի և խնդրեցի շարունակել քննարկումները, որպեսզի ճշգրտվեն նախարարության նպատակները, խնդիրները, գործառույթները, կառուցվածքը և այլն։ 2008թ-ի ապրիլին ձևավորված կառավարությունում այդպես էլ տեղ չգտավ Սփյուռքի նախարարությունը։ Վերջնական որոշում կայացվեց այն բացել հոկտեմբերի 1-ին։ Արդեն 3 ամիս անց, մեր փոքրիկ թիմի հետ մեզ պարզ դարձավ, որ 17 տարի ուշացումով է ստեղծվում այս նախարարությունը։ Սփյուռքի հետ աշխատանքների մի մասը ԱԳՆ-ն էր իրականացնում, մի փոքր հատված՝ ԿԳՆ-ն, իսկ բուն աշխատանքները, կապերն ու հարաբերությունները բարձիթողի վիճակում էին»։

Նշենք, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծով Սփյուռքի նախարարությունը փակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս