Բաժիններ՝

Կառավարության և ԿԲ-ի համագործակցության ամենակարևոր նպատակը քաղաքացիներին նոր հնարավորությունները հասանելի դարձնելն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը: Ինչպես տեղեկացրին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք:

Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է.

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հարգարժան նախագահ,
կենտրոնական բանկի հարգելի ներկայացուցիչներ,
բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ,

ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Առիթ չի եղել ասելու, կարծում եմ՝ այսօր լավ առիթ է այդ թեմային անդրադառնալու. տարվա ամենամեծ սենսացիաներից մեկը թերևս դրամի վարքագիծն էր Հայաստանում քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակաշրջանում: Ինչպես դեռևս շատ շատերի համար հասկանալի չէ, թե ինչ և ինչպես տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իմաստով, նաև շատ շատերին հասկանալի չէ, թե ինչպես եղավ, որ, այնուամենայնիվ, այդ քաղաքական գործընթացների համատեքստում հայկական արժույթը զարմանալի կենսունակություն ցուցաբերեց, և դա իսկապես շատ կարևոր ցուցանիշ է: Իհարկե, մենք գիտենք, ես գիտեմ, որ նաև դա այստեղ ներկա մարդկանց հետևողական, քրտնաջան և նվիրված աշխատանքի արդյունք է, և ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար:

Այս ընթացքում ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցությունն իսկապես շատ ակտիվ է եղել, և մենք շատ հաճախ քննարկումներ ենք ունենում՝ և՛ ռազմավարական, և՛ մարտավարական բնույթի: Մեր համագործակցության ամենակարևոր և հիմնական նպատակը, օբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, մարդիկ, ում կյանքը բարելավելը և ում համար նոր հնարավորությունները հասանելի դարձնելը կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության հիմնական նպատակն է: Այս ընթացքում մենք հասցրել ենք արդեն մի քանի ծրագրեր իրագործել, որոնց արդյունքում մարդիկ շատ կոնկրետ փոփոխություններ պիտի զգան իրենց ամենօրյա կյանքում: Մի քանի նախագծեր արդեն իսկ իրականացման, իրագործման փուլում են, և իհարկե, կան մի քանի նախագծեր, որոնք քննարկումների, գաղափարների փուլում են: Համոզված եմ՝ քննարկումների արդյունքում նույնպես կունենանք կոնկրետ լուծումներ:

Ըստ էության, կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության իմաստն իսկապես շատ հստակ արձանագրված է՝ քաղաքական այն իրավիճակը, որ կա Հայաստանի Հանրապետությունում, ամենակարևոր նշանակությամբ, նոր հնարավորությունների ստեղծումն է մարդկանց, տնտեսվարողների, բիզնես գործունեության համար: Կենտրոնական բանկի և բանկային համակարգի գործունեության և կառավարության հետ համագործակցության հիմնական իմաստը պետք է լինի, որ այդ քաղաքական հնարավորությունները՝ դե յուրե հռչակված և քաղաքական առումով իսկապես գոյություն ունեցող հնարավորությունները՝ դե ֆակտո հասանելի լինեն մարդկանց: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կենսունակ գաղափարներն իսկապես պատշաճ, տրամաբանական ֆինանսավորում ունենալու հնարավորություն ստանան: Այս գործում իսկապես դժվար է գերագնահատել կառավարության, Կենտրոնական բանկի և ընդհանրապես բանկային համակարգի համագործակցությունը:

Մենք այս ընթացքում մի քանի անգամ քննարկումներ ենք ունեցել բանկային համակարգի ներկայացուցիչների հետ, ըստ էության, ձևավորել ենք օրակարգ, կոնկրետ հարցեր, որոնց լուծումները պետք է բերեն մեր հռչակած նպատակների իրագործմանը: Համոզված եմ, որ 2019 թվականին այս տրամաբանությունը նոր թափ և ուժ է ստանալու: Բոլոր առումներով 2018 թվականի համար նախատեսված գործերն արված են, և, հետևաբար, 2019 թվականը հենց առաջին աշխատանքային օրից կարող ենք սկսել նոր թափով, նոր էներգիայով, նոր օրակարգով և, իհարկե, համապետական և ժողովրդական նոր ամբիցիաներով: Հույս ունեմ, որ Հայաստանի բանկային համակարգը կկարողանա աջակից և նեցուկ լինել պետական և ժողովրդական այդ հավակնությունների, նպատակների, իղձերի իրականացմանը:

Շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ, շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կառուցողական և արդյունավետ համագործակցության համար: Համոզված եմ, որ 2019 թվականին այդ եռանդը, համագործակցությունը և, իհարկե, արդյունքները կկրկնապատկվեն և կեռապատկվեն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս