Բաժիններ՝

Գյումրու դրամատիկական թատրոնի հանդիսատեսների թիվն աճել է մոտ 20 հազարով

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 2018 թվականին, նախորդ տարվա համեմատ, մոտ 20 հազարից ավելի հանդիսատես է ունեցել: Տարվա ընթացքում թատրոնն ունեցել է 61 հազար 100 հանդիսատես:

Այս մասին դեկտեմբերի 25-ին, ամփոփելով տարին, նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը փաստելով՝ 2017 թվականին իրականացվել է 142 ներկայացում, իսկ 2018 թվականին ՝ 150: Տարին ավարտվում է ամանորյա ներկայացմամբ, որը բեմ դուրս կգա 33 անգամ: Թատրոնը տարվա ընթացքում ունեցել է 25 հյուրախաղ՝ Հայաստանի տարբեր մարզերում, Արցախում և Լիբանանում, 4 առաջնախաղ: Թատրոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, երիտասարդ ռեժիսորների ու դերասանների մասնակցությամբ ներկայացումներ է բեմադրել նաև «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում:

«Տարին շատ կարևոր էր մեզ համար նաև այն պատճառով, որ համագործակցության համար հրավիրվեցին դերասաներ և ռեժիսորներ: 2019 թվականին ևս կշարունակենք այս ավանդույթը, անշուշտ նաև գյումրեցի ռեժիսորները ներկայացումներ կբեմադրեն»,- նշեց Լյուդվիգ Հարությունյանը: 2018 թվականին, թատրոնին կից ստեղծված «Թատրոնի աջակցման հիմնադրամ»-ի կողմից, թատրոնի դերասան Արկադի Ղարագուլյանը ստացավ բնակարան, 2019 թվականին, բարերարի աջակցությամբ, թատրոնի 4 դերասանի կտրամադրվի բնակարան: «2019 թվականին թատրոնի համար ամենակարևորը 20 տարի անց հյուրախաղերն են ԱՄՆ-ում:

Հունվարի 27-ին առաջին ներկայացումը տեղի կունենա Լոս Անջելեսում: Սա շատ կարևոր է թատրոնի համար, որ դրսում ևս ցույց տաս, թե ինչ ես արել: ԱՄՆ-ից հետո հյուրախաղեր են նախատեսված նաև ՌԴ-ում՝ Մոսկվայում: 2019 թվականին կրկին 4 առաջնախաղ կունենանք: Կլինեն նաև փառատոներ»,- նշեց գեղարվեստական ղեկավարն՝ անկեղծանալով, որ արձանագրված դրական ցուցանիշները շնորհիվ կոլեկտիվի ու նախկին տնօրենի են եղել. «Թատրոնը կարողացել է անել այնպես, որ հանդիսատեսը գա թատրոն՝ այն էլ սեփական ցանկությամբ, ոչ ստիպելով»: 2019 թվականին ապրիլին տեղի կունենա թատրոնի տնօրենի մրցույթ, որտեղ այն կունենա իր սեփական թեկնածուն:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս