«Շատ կարևոր է ունենալ Սփյուռքի հետ արդյունավետ աշխատող կառույց». Ավետիք Չալաբյան
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանից այսօրվա ասուլիսին 168.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ դիրքորոշում ունի նախարարությունների օպտիմալացման վերաբերյալ, մասնավորապես՝ Սփյուռքի նախարարության մասով ի՞նչ խնդիրներ է տեսնում։
«Հայաստանն ունի հսկայական Սփյուռք, ընդ որում՝ Սփյուռքի երկու մեծ շերտ, մեկը՝ հենց Հայաստանից վերջին 25 տարվա ընթացքում արտագաղթած մոտավորապես 1.5 մլն ՀՀ քաղաքացիներն են, երկրորդը, այսպես կոչված, պատմական Սփյուռքն է։ Սփյուռքի երկու շերտերն էլ Հայաստանի հետ անմիջական կապված են, և ՀՀ տեսանկյունից երկու նպատակ ենք տեսնում՝ առաջին՝ ձևավորել հայակենտրոն հայություն, որպեսզի այդ մարդիկ տեսնեն Հայաստանը՝ որպես իրենց շահերի, իրենց հետաքրքրությունների կենտրոն, և անմիջական կապերով կապված լինեն հայրենիքի հետ։ Երկրորդ խնդիրը, որ մենք տեսնում ենք՝ Սփյուռքի տարբեր համայնքներից անընդհատ պետք է հայրենադարձություն տեղի ունենա, արդեն 7 տարի է ՝ այդ ուղղությամբ աշխատում ենք, որոշակի հաջողություն ունենք, բայց մենք ուզում ենք այդ հաջողությունը մասշտաբային դարձնել»,- ի պատասխան՝ ասաց Ավետիք Չալաբյանը՝ ընդգծելով, որ այդ կոնտեքստում շատ կարևոր է ունենալ Սփյուռքի հետ արդյունավետ աշխատող կառույց։
«Երբ ստեղծում էինք «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, հենց այդ նպատակով էինք ստեղծում։ Բայց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործիքակազմը սահմանափակ է, դա պետության խնդիրն է, նա շատ ավելի մեծ ռեսուրսներ պետք է դնի, եթե մեր ասած երկու նպատակը կիսում է։ Այդ համատեքստում այդպիսի կառույցն անհրաժեշտ է, նա կունենա՞ նախարարության կարգավիճակ, թե՞ ոչ, դա այլ հարց է, որովհետև գուցե նա պետք է լինի պետական գործակալության տեսքով։ Կարևորն այն է, որ նման կառույց պետական համակարգում բացարձակ անհրաժեշտ է, որովհետև նա ծառայում է հայության և Հայաստանի շահերին»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում