Բաժիններ՝

Ովքե՞ր են Հայաստանի լավագույն մարզիկները 2018 թվականին

Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ամփոփել է տարին՝ նշելով տարվա լավագույն մարզիկներին: Լավագույն մարզիկների քվեարկությանը այս տարի մասնակցել են լրագրողները, հավաքականների մարզիչները, ինչպես նաև երկրպագուները՝ sms քվեարկության միջոցով:

2018 թվականին Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը: Նշենք, որ այս անգամ լավագույն տասնյակում բացակայում էին ֆուտբոլիստները:
Այսպիսով, ովքե՞ր են Հաաստանի 10 լավագույն մարզիկները 2018 թվականին:

1. Արթուր Ալեքսանյան – Հունահռոմեական ըմբշամարտ

Արթուր Ալեքսանյանը այն հայ մարզիկներից է, որ միշտ ֆավորիտների շարքում է:

Այս տարվա նոյեմբերին Բուդապեշտում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը չէր մասնակցել բրոնզե մեդալի համար գոտեմարտին` վնասվածքի պատճառով: Սակայն, դրանից առաջ Կասպիյսկ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Ալեքսանյանը նվաճեց Ոսկե մեդալը՝ առանց մրցակցին որևէ միավոր տալու: 

2. Արթուր Թովմասյան – Սպորտային մարմնամարզություն

Արթուր Թովմասյանը սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ է։ 26-ամյա մարզիկը այս տարի հաղթող է ճանաչվել Օլիմպիական խաղերի չեմպիոն Լարիսա Լատինինային նվիրված միջազգային մրցաշարում:
Թովմասյանի ամենամեծ նվաճումը այս տարի աշխարհի առաջնությունում 4-րդ հորիզոնականը գրավելն է: Սա հայ մարզնամարզիկների ցուցադրած լավագույն արդյունքներից մեկն է: 

3. Ֆերդինանդ Կարապետյան – Ձյուդո

Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանն այս տարի դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ապրիլին Թել-Ավիվում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 73 կգ քաշային մարզիկը եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Հիդայատ Հեյդարովին: 

4. Վլադիմիր Հարությունյան, Լև Սարգսյան – Ջրացատկ, սինխրոն աշտարակացատկեր

Վլադիմիր Հարությունյան, Լև Սարգսյան զույգը 2018 թվականի ընթացքում դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ջրացատկի 10 մետր սինխրոն աշտարակացատկ մրցաձևում Վլադիմիր Հարությունյանը և Լև Սարգսյանը վաստակել են 396.84 միավոր:

Հավաքականի գխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի խոսքով՝ հայ մարզիկները կարող էին զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ նրանց շատ քիչ պակասեց արծաթի համար: 

5. Արսեն Ղազարյան – Սամբո

Արսեն Ղազարյանը այս տարվա նոյեմբերին Բուխարեստում անցկացվող Աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ:

Արսեն Ղազարյանը պարտվեց հունաստանցի Գեորգիոս Մարկարյանին, բայց քանի որ Մակարյանը հասավ եզրափակիչ, Արսենին հնարավորություն ընձեռնվեց պայքարել երրորդ տեղի համար, և մեր մարզիկն արժանացավ բրոնզե մեդալի:

2017 թվականին Արսեն Ղազրայանը նվաճել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: 

6. Մաքսիմ Մանուկյան – Հունահռոմեական ըմբշամարտ

2017 թվականին Աշխարհի չեմպիոն դարձած Մաքսիմ Մանուկյանը այս տարի ևս հաջող ելույթներ ունեցավ: 2018 թվականին Մաքսիմ Մանուկյանն առաջին անգամ իր կարիերայի ընթացքում դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող: 

7. Սիմոն Մարտիրոսյան – Ծանրամարտ

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին շատերը սպասում էին ավելի բարձր հորիզոնականում: Այս տարին շատ հաջող էր Սիմոնի համար, քանի որ նա մեկը մյուսի հետևից հաջողություններ էր գրանցում:

Հոկտեմբերին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Լեհաստանում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության ծանր քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը մեկ մոտեցմամբ պոկեց 190 կգ, այնուհետև հրում վարժությունում գլխավերևում պահեց 230 կգ: Երկամարտի 420 արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

Հաջորդ մրցաշարը Աշխարհի առաջնությունն էր, որտեղ Սիմոն Մարտիրոսյանը հրաշալի ելույթներ ունեցավ՝ դառնալով Աշխարհի չեմպիոն և սահմանելով աշխարհի ռեկորդներ: 

8. Գոռ Մինասյան – Ծանրամարտ

Գոռ Մինասյանը Աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ չնվաճեց, բայց շատ համառ պայքարում կարողացավ նվաճել երկրորդ հորիզոնականը: Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մինասյանը բարձրացրեց 200 կգ, այնուհետև գլխավերևում պահեց 205 կիլոգրամը: Գոռ Մինասյանը չկարողացավ բարձրացնել 211 կիլոգրամը, բայց դա չխանգարեց հայ ըմբիշին նվաճել արծաթե մեդալ:

Գոռ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում պատմում է, որ գրանցել է այն արդյունքը, որը ուզում էր.

«Սպասված արդյունք էր: Ելույթս լավ եմ գնահատում, քանի որ նոր կիլոգրամներ բարձրացրի:

Հիմա սկսում եմ պատրաստվել 2019 թվականի Եվրոպայի առաջնությանը»: 

9. Գրիգոր Մխիթարյան – Սամբո

Նոյեմբերի 9-ից 11-ը Բուխարեստում կայացած Սամբոյի աշխարհի 2018թ. առաջնությանը, Գրիգոր Մխիթարյանը նվաճեց մարտական սամբոյի 52 կգ քաշային կարգի արծաթե մեդալ՝ եզրափակիչ գոտեմարտում պարտվելով ռուսաստանցի Ռոդիոն Ասկանակովին: 

10. Էդգար Ստեփանյան – Հեծանվային սպորտ

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը վերջին տարիներին հայկական սպորտի բացահայտումներից է: Հայաստանում ոչ այդքան տարածված մարզաձևում Էդգարը շարունակում է հաջողություններ գրանցել: 2018 թվականը ևս շատ արդյունավետ էր:

Այս տարի Էդգարը սկսեց հանդես գալ ԱՄՆ-ի «Velo Pasadena Racing» ակումբում: Այս տարվա մայիսին Ստեփանյանը «Velo Pasadena Racing team» թիմի կազմում արծաթե մեդալ նվաճեց BARRY WOLFE GRAND PRIX մրցաշարում: Արդեն օգոստոսին Էդգար Ստեփանյանը մասնակցեց Եվրապայի մեծահասկաների առաջնությանը: Ստեփանյանը Գլազգոյում ընթացող Եվրոպայի առաջնության սկրեչ ձևում գրավել է 19-րդ տեղը, 40 կմ խմբակային վազքում՝ 8-րդ տեղը, իսկ օմնիում մրցաձևում միայն 20-րդն էր:

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը մասնակցել է նաև Ամսկի միջազգային մրցաշարին, որտեղ հաղթել է:Ստեփանյանը Ամսկի «Գրան Պրիի» սկրեչ մրցաձևում գերազանցելով բոլոր մրցակիցներին՝ առաջինն է հատել եզրագիծը: Այս հաղթանակով Ստեփանյանը վասկատել է նաև 100 վարկանիշային միավոր: 

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս