
«Աղանդավորների ֆիզիկական հարձակումներից պաշտպանվելու ու նրանց արժանի հակահարված տալու համար պետք է ինքնակազմակերպվել». Դավիթ Շահնազարյան

«Տեսնում եք, չէ՞, թե ինչ հետապնդումներ են սկսվել Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի հանդեպ այսպես կոչված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման կողմից: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա, առաջինը, հովանավորվում է վարչապետի կողմից, և երկրորդը` դա աղանդավորների շարժում է: Հայ առաքելական եկեղեցու սպասավորը չի կարող անիծել Հովվապետին, դա բացառված է: Դա աղանդավորական շարժում է, որն ուղղված է ոչ թե Հայրապետի, այլ եկեղեցու դեմ»,- «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հայտարարեց քաղաքագետ, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը` հավելելով, որ ինքը հպարտանում է, որ Էջմիածնում գտնվեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր արժանի հակահարված տվեցին նրանց:
Օգտվելով առիթից` Դավիթ Շահնազարյանը դիմեց իր բոլոր ունկնդիրներին ու նրանց, ովքեր առհասարակ հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են` կոչ անելով առաջին հերթին երիտասարդներին՝ ինքնակազմակերպվել, խմբեր ստեղծել, որպեսզի արգելեն, որ այդ աղանդավորական շարժումը ոտք դնի որևէ եկեղեցու տարածք:
«Ես բռնության կոչ չեմ անում, բայց եթե պետությունը չի պաշտպանում եկեղեցին, դա պետք է անենք յուրաքանչյուրս: Աղանդավորների ֆիզիկական հարձակումներից պաշտպանվելու ու նրանց արժանի հակահարված տալու համար պետք է ինքնակազմակերպվել»,- թեման եզրափակեցեց Դավիթ Շահնազարյանը: