«Այս ընթացքում երբևէ նման արտահայտություն չեմ արել, բայց հիմա ասում եմ՝ սա քաղաքական հետապնդում է». Հայկ Ալումյան

«Ժամանակ առ ժամանակ ԱԱԾ տնօրենն ու ՔՀԾ պետն ինչ-որ նորանոր փաստաթղթեր կամ տվյալներ են հանրությանը ներկայացնում՝ ոչ այնքան կոռեկտ մեկնաբանություններով, հանրությանը մոլորության մեջ պահելու համար։ Սակայն ճշմարտությունը դժվար է լինելու թաքցնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայատարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը՝ հրապարակելով մեկ փաստարկ։

«Պաշտպանական կողմը, ի թիվս այլ հարցերի, նաև ասում էր հետևյալը, որ 2008թ. ՔՕ-ում գոյություն ուներ 300-րդ հոդված, բայց գոյություն չուներ ներկայումս առկա 300.1-րդ հոդվածը։ Ռոբերտ Քոչարյանին այսօր մեղադրանք է առաջադրված 300.1 հոդվածով (ՀՀ սահմանադրական կարգը տապալել), որը 2008թ.-ին գոյություն չուներ: Որպեսզի Քոչարյանի դեմ ներկայում կարողանան կիրառել 300.1 հոդվածը, այն չպետք է վատթարացնի մեղադրյալի վիճակը, քան այն ժամանակ գործող 300-րդ հոդվածը։ Մենք ասում ենք, որ վատթարացնում է, իսկ մեղադրող կողմն այդպես չի կարծում, դատարանն այս մասին ընդհանրապես ոչինչ չի ասում»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։

Փաստաբանն ասաց, որ ժամանակին 300-րդ հոդվածի հիման վրա մեղադրանք է առաջադրվել, օրինակ՝ Ալեքսանդր Արզումանյանին. «Հետո, երբ 300-րդ հոդվածը տրոհվեց և առաջացավ նաև 300.1 հոդվածը, Արզումանյանի մեղադրանքը չվերաորակվեց 300.1-ի կամ 300-ի, որովհետև Դատախազությունը համարեց, որ այդ հոդվածները վատթարացնում են մեղադրյալի վիճակը։ Այդ պատճառով մեղադրողներն Արզումանյանի մեղադրանքից հրաժարվեցին, քանի որ նախորդ հոդվածի համեմատ՝ այդ հոդվածը վատթարացնում էր նրա կարգավիճակը: Իսկ հիմա երկակի ստանդարտներ են կիրառվում, և Քոչարյանի դեպքում պարզվում է, որ չի վատթարացնում»։

Նա հրապարակեց Արզումանյանի մեղադրանքից հրաժարված դատախազների անունները՝ Կորյուն Փիլոյան, Հ. Սարգսյան, Ա. Ամիրզադյան, Լ. Թադևոսյան.

«Վերջինս ներկայում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն է: Ո՞նց հասկանանք այս երկակի չափանիշերն ու խախտումները, որոնք ներկայում կիրառվում են Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Մի մարդու նկատմամբ օրենքը կիրառվում է՝ մեկ, իսկ մյուսի նկատմամբ՝ այլ կերպ, ուրեմն՝ հաշվեհարդարի խնդիր կա: Այս ընթացքում երբևէ նման արտահայտություն չեմ արել, բայց հիմա ասում եմ՝ սա քաղաքական հետապնդում է, երբ անձի հետ քրեաիրավական դաշտում վարվում են այլ կերպ, քան վարվել են մեկ այլ անձի հետ՝ նախկինում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս