
Ոստիկանության աշխատակիցների և հոգեբանի համատեղ ուժերով Երևանում կանխվել է ինքնասպանության փորձը. ԱԻՆ

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:11-ին, քաղաքացին զանգել է «911» ծառայություն և հայտնել, որ ինքն ունի հոգեբանական խորհրդատվության կարիք: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը կապ է հաստատել քաղաքացու հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինս գտնվում է Երևան քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, և փորձում է մտնել եկեղեցի` ինքնասպանություն գործելու նպատակով:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Ոստիկանության աշխատակիցների և հոգեբանի համատեղ ուժերով կանխվել է քաղաքացի Ա. Ա.-ի (1968 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: