Բաժիններ՝

Ինչպես և երբ կատարվեց Հայկ Մարությանի երազանքը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացավ, որ բոլոր հայերի երազանքները կկատարվեն, ինչպես դա տեղի ունեցավ 2018 թ.: Քիչ առաջ՝ Հանրապետության հրապարակում մինչեւ գլխավոր տոնածառի լույսերը վառվել, նա դիմեց ներկա գտնվողներին:

«Մեծարգո՛ պարոն վարչապետ, սիրելի՛ երեւանցիներ,

Մենք շուտով մտնում ենք 2019 թ.: Ասում են՝ Ամանորին հրաշքներ են կատարվում: Ճիշտն ասած, մինչեւ 2018 թ. ես հրաշքների չէի հավատում, բայց միեւնույն է, ինչպես ամեն տարի, 2018-ի Ամանորին նույնպես երազանք պահեցի, եւ 2018 թ. գարնանը իմ երազանք կատարվեց:

Բայց միեւնույն ժամանակ որպես շատ պրակտիկ եւ գիտությանը հավատացող մարդ ես հասկանում էի, որ հրաշքները հենց այնպես չեն կատարվում, երազնանքերը հենց այնպես չեն կատարվում, եւ միակ պայմանը, որպեսզի քո երազանքը կատարվի, պետք է, որ դրա մասին երազեն բոլորը, մենք պետք է բոլորս երազենք մի բանի մասին, որ այն կատարվի:

Եվ փաստորեն, այո՛, 2018-ի Ամանորին մենք բոլորս միասին երազել ենք նույն բանի մասին. ապրել ազատ, անկախ եւ ժողովրդավար Հայաստանում: Եվ այս երազանքը մենք բոլորս միասին ի կատար ածեցինք: Այս հրապարակում մենք գարնանը տոնել ենք մեր ազգի հաղթանակը, եւ ամբողջ աշխարհը զարմացած եւ հիացած հետեւում էր մեզ:

Այսօր մենք՝ բոլորս, կանգնած այստեղ՝ այս հրաշք տոնածառի առջեւ՝ այս գեղեցկուհու առջեւ մտածում ենք վաղվա օրվա մասին: Քիչ անց կվառվեն այս տոնածառի լույսերը, եւ այս լույսերը կվառեն նաեւ մեր հույսերը: Եվ այս լույսը կսկսի հենց այսօրվանից, կգնա 2019 թվականին, եւ մոտակա տասնամյակներին, հարյուրամյակներին մեր ճանապարհը լույսով լի է լինելու:

Գիտեք՝ 2018-ին կատարվեց մեր՝ մեծերի երազանքը, բայց մեր փոքրիկների երազանքը դեռ չի կատարվել: Եվ այս տարի՝ 2019-ին, սիրելի՛ փոքրիկներ, հանգիստ եւ վստահ կարող եք պահել ձեր երազանքները, որովհետեւ մենք մեծերով խոսք ենք տալիս ձեզ, որ մենք իրականցնելու ենք ձեր բոլոր երազանքները:

Նաեւ կուզեի ողջույններս հղել մեր արեւելյան մայրաքաղաք Ստեփանակերտին, մեր հայրաքաղաք Գյումրիին, մեր բոլոր եղբայր եւ գործընկեր քաղաքներին, սիրո եւ կարոտիս ջերմ ողջույնները Մոսկվայում, Լոս Անջելեսում, Փարիզում, Սանկտ Պետերբուրգում, Հալեպում, Բեյրութում, Թեհրանում, Թբիլիսիում եւ աշխարհի բոլոր ծայրերում ապրող մեր քույրերին ու եղբայրներին: Ոuրախ տրամադրություն եմ ցանկանում բոլորիդ, համայն հայությանը: Շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ ծնունդը: Շնորհակալություն»,- ասաց նա:

Այնուհետեւ քաղքապետն իր դստեր հետ վառեց տոնածառի լույսերը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս