Իսկ դուք ունե՞ք ղեկավարին հիմնավոր քննադատելու քաջություն

Հարցն ամենայն լրջությամբ ենք հնչեցնում։ Ունե՞ք նման քաջություն։ Եթե այո, ապա մենք շնորհավորում ենք Ձեզ. Դուք կարող եք աշխատանքի անցնել ԱԺ «Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավոր Համազասպ Դանիելյանի մոտ՝ որպես նրա օգնական։ Այդ հաստիքը Ձեզ համար է, եթե հատկապես նորավարտ եք, բայց մեծ հավակնություններ և արագ աճելու ցանկություն ունեք։ Ավելին, դուք այդ հաստիքում աշխատելով՝ կվարձատրվեք։

Չե՞ք հավատում. այցելեք այս էջ:

«Փնտրվում են թեկուզ և ոչ մեծ փորձ, բայց մեծ նվիրում ունեցող մասնագետներ՝ ՀՀ նորընտիր Ազգային ժողովում ապագա պատգամավոր Համազասպ Դանիելյանի օգնականի վճարովի և անվճար հաստիքներում աշխատելու նպատակով:

ՀՀ ԱԺ պատգամավորի օգնականի թափուր պաշտոնի համար մրցութային կարգով կարող են դիմել ստորև թվարկված նվազագույն չափանիշներին համապատասխանող անձիք՝

• Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, իրավաբանության, քաղաքագիտության կամ հասարակագիտական որևէ այլ գիտակարգում,

• Հայերենի գերազանց իմացություն: Այլ լեզուների (հատկապես անգլերեն և ռուսերեն) իմացությունը կհամարվի առավելություն:

• MS Office-ի առանցքային փաթեթի հմուտ տիրապետում: Վիճակագրական որևէ ծրագրի իմացությունը կհամարվի առավելություն:

Պատգամավորի օգնականի ցանկալի թեկնածուն պետք է ունենա հետևյալ հատկանիշները՝

• Խիստ կազմակերպվածություն և պարտաճանաչություն,

• Դժվար իրավիճակներում նախաձեռնություն վերցնելու և ինքնուրույն գործելու ունակություն,

• Ղեկավարին հիմնավոր քննադատելու քաջություն,

• Խնդիրներին ստեղծագործաբար մոտենալու և նորարարական լուծումներ առաջարկելու կարողություն։

Պատգամավորի օգնականի վճարովի հաստիքը հարմար կլինի հատկապես նորավարտ, բայց մեծ հավակնութուններ և արագ աճելու ցանկություն ունեցողների համար:

Հայտարարությունում աշխատավարձի չափը չի նշվում, քանի որ այն սահմանված է օրենքով, ուստի պաշտոնին հավակնող դիմորդը պետք է ինքնուրույն կարողանա պարզել այն: Վճարովի պաշտոնի դիմորդը պետք է հասանելի լինի ամբողջ դրույքով աշխատանքի համար՝ հիմնականում ՀՀ Ազգային ժողովում, բայց նաև պատրաստ լինի աշխատանքային նպատակով ճամփորդել Երևանից դուրս:

Պատգամավորի օգնականի չվճարվող (հասարակական հիմունքներով) հաստիքը հարմար կլինի նորավարտների կամ ավարտական կուրսերում սովորողների համար, ովքեր պատրաստ կլինեն ավելի ճկուն գրաֆիկով, բայց նույնքան պարտաճանաչությամբ ներգրավվել օրենսդիր մարմնի աշխատանքներում՝ փոխարենը ակնկալելով ստանալ խիստ օգտակար մասնագիտական փորձառություն, ինչպես նաև կարևոր փոփոխությունների մասը դառնալու հնարավորություն:

Թե՛ վճարովի, և թե՛ չվճարվող հաստիքի համար առանձնակի ուշադրությամբ կդիտարկվեն նաև ոչ երիտասարդ դիմորդները՝ հատկապես ոլորտային փորձառություն և փոփոխությունների տեսլական ունեցողները:

Պատգամավորի օգնականի գործառույթների մանրամասները սույն հայտարարությունում չեն նշվում, քանի որ դրանք ևս սահմանված են օրենքով»,- ասված է աշխատանքի հրավերի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ քաղաքագետ Դանիելյանն ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրվել է պատգամավոր՝ իշխանական «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով։ Մինչ այդ նա ՀՀ վարչապետին (Նիկոլ Փաշինյանին) առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի անդամ էր։

Ինչպե՛ս դիմել. շատ հեշտ է՝ սեղմել APPLY ONLINE կոճակը։

Տեսանյութեր

Լրահոս