
«Ես սկզբունքներ ունեմ: Ես հարգանք կցուցաբերեմ և չեմ քննարկի նախկին գործընկերներիս». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հանդես է եկել իր հեռացման վերաբերյալ հայտարարությամբ:
«Ես մեծ հպարտությամբ եմ կրել «Մանչեսթեր Յունայթեդի» նշանը իմ կրծքավանդակին: Եվ ես կարծում եմ, որ դա հասկացել են «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր երկրպագուները:
Ինչպես իմ գլխավորած նախկին ակումբների դեպքում, այդպես էլ հիմա ես աշխատել եմ մեծ մարդկանց հետ: Կարծում եմ, նրանցից ոմանք կմնան ինձ հետ ամբողջ կյանքիս ընթացքում:
Ես հասկանում եմ, որ գիտեք իմ մասնագիտական սկզբունքները: Ամեն անգամ, երբ իմ կյանքի ինչ-որ գլուխ ավարտվում է, ես խորին հարգանք եմ ցուցադրում և նախկին գործընկերներիս մասին որևէ մեկնաբանություն չեմ տալիս: Ես սկզբունքներ ունեմ: Այս անգամ ևս, ես հարգանք կցուցաբերեմ և չեմ քննարկի նախկին գործընկերներիս:
Հուսով եմ, որ ԶԼՄ-ները կհարգեն իմ դիրքորոշումը և թույլ կտան նորմալ կյանքով ապրել մինչև այն պահը, երբ նորից սկսեմ աշխատել»,- ասել է Մոուրինիոն:
Սիրարփի Աղաբաբյան