
Փաշինյանը հայտնել է Սփյուռքի նախարարության լուծարման մեծ հավանականության մասին

Նոր կառավարության կառուցվածքում Սփյուռքի նախարարության չլինելու հավանականությունը բավական մեծ է: Այս մասին դեկտեմբերի 19-ին «Ներուժ» ծրագրի մասնակիցների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հիմա քննարկումների փուլում ենք, և մեր ու, ընդհանրապես, պետական կառավարման համակարգում ամենակարևոր խնդիրը՝ հասնել կառավարման առավել արդյունավետ մակարդակի, այդ թվում՝ սփյուռքի հետ հարաբերություններում: Կա այդպիսի հավանականություն, և բավականին մեծ է այդ հավանականությունը, որ նոր կառավարության կառուցվածքում սփյուռքի նախարարություն չենք ունենա, բայց դա չի նշանակում, որ մենք այլ կառույցների միջոցով այդ կապն արդյունավետ չենք դարձնի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը վերջնական որևէ բան չասաց, սակայն նկատեց, որ այս խնդրի լուծման մի քանի տարբերակներ են քննարկվում:
«Ամենակարևոր, ինստիտուցիոնալ խնդիրը հետևյալն է, որ սփյուռքի հետ հարաբերությունների կոմպոնենտ ունեն այսօրվա դրությամբ մեր բոլոր նախարարությունները, առանց բացառության, և այդ ոչ բոլոր կոմպոնենտներով է զբաղվում Սփյուռքի նախարարությունը: Սա ինստիտուցիոնալ խնդիր է, որը մենք պետք է լուծենք, և դա լուծելու մի քանի տարբերակներ կան, որոնց վրա աշխատում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ավելի վաղ հայտնել էր, որ առկա նախարարությունների թիվը կրճատելու նպատակ ունեն: