
ՀՀ-ն այս Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների ակնհայտ ֆավորիտն է, սա ավելի մեծ տուրիստական բումի համար ամուր հիմք է. Ն. Փաշինյան

Այս Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունների ամենատարածված ուղղությունը կլինի Հայաստանը. այս ուղղության պահանջարկը նախորդ տարվա համեմատ աճել է 76 տոկոսով։
Այս տվյալները «Իզվեստիա»-ին տրամադրել է OZON.travel ճամփորդական գործակալությունը։ Նշվում է, որ Հայաստան այցելությունների պահանջարկի աճին նպաստել են տոմսերի գների 12 տոկոս նվազումը, ինչպես նաև երկրի ներսում ոչ թանկ կացարանները և ծառայությունները։
Անդրադառնալով այս ցուցանիշներին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը և ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար ամուր հիմքեր ստեղծել»։
Ռուսաստանցի զբոսաշրջիկների երկրորդ նախընտրելի ուղղությունն այս Ամանորին կլինի Գերմանիան, այնուհետև՝ Թաիլանդը, Չեխիան և Իտալիան։