Բաժիններ՝

«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ». տուրի կենտրոնական հանդիպումը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը կավարտվի «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հայտնի հյուսիսարևմտյան դերբիով: Կկարողանա՞ն «կարմիր սատանաները» վերջ դնել առանց հաղթանակների շարքին առաջատարի հետ խաղում:

«Լիվերպուլ»

«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ «Լիվերպուլը» լավ տրամադրություն ունի: Նախորդ ութ օրվա ընթացքում Յուրգեն Կլոպի թիմը նվաճեց Պրեմիեր լիգայի հստակ առաջին տեղը, ապա, չնայած հսկայական դժվարություններին, իրավունք վաստակեց մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչին: Սակայն պետք է նշել, որ «Լիվերպուլում» վերջին երկու շաբաթները հեշտ չէին:

ՊՍԺ-ին պարտվելուց հետո (1:2) «Լիվերպուլը» դժվարությամբ հաղթեց «Էվերթոնին» տանը (1:0), ապա հաղթեց «Բերնլիի» (3:1) հետ պայքարում, իսկ «Բորնմութի» հետ խաղում ջախջախեցին մրցակցին՝ 4:0: «Նապոլիի» հետ «կարմիրները» շատ տանջալից խաղ անցկացրին, ինչի արդյունքում մերսիսայդցիները միանգամից կորցրին երկու պաշտպանների՝ Ժոել Մաթիպին և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին: Նրանք միացան Ջո Գոմեսին ակումբի լազարեթում:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» այս մրցաշրջանում սեփական հարկի տակ հաղթել է 7 խաղերից 6-ում: Միավորներ Յուրգեն Կլոպի սաները կորցրել են միայն մանչեսթերյան մյուս ակումբի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ գոլազուրկ խաղում: Սեփական հարկի տակ լիվերպուլյան ակումբը ընդունել է միայն մեկ գնդակ:

«Մանչեսթեր Յունայթեդ»

Եթե «Լիվերպուլն» իր լավագույն մարզավիճակում է, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ մարզավիճակ է հավաքում: Վերջին երկու խաղերը Ժոզե Մոուրինիոյի սաների համար բավականին լավն էին: «Կարմիր սատանաները» վերջին երկու խաղերում նախ ոչ ոքի խաղացին «Արսենալի» հետ (2:2), ապա առանց հարցերի կարողացան ջախջախել «Ֆուլհեմին» (4:1): «Ֆուլհեմի» հետ խաղի առաջին խաղակեսը Ժոզե Մոուրինիոն համարել է այս մրցաշրջանում լավագույնը:

Հետո Չեմպիոնների լիգայի խմբային փուլում մանչեսթերյան ակումբը պարտվեց «Վալենսիային» (1:2), սակայն այդ խաղը արդեն ոչինչ չէր որոշում:

Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ ավելի լավ էր հանդես գալիս, քան տանը: Սակայն, վերջին տնային հանդիպումները լրջորեն ազդեցին
թիմի արդյունքների և վիճակագրության վրա:

Վերջին հինգ խաղերում մանչեսթերյան ակումբը պարտվեց «Վեսթ Հեմին» (1:3) և «Մանչեսթեր Սիթիին» (1:3), ոչ ոքի խաղաց «Չելսիի» (2:2) և «Սաութհեմթոնի» հետ (2:2), և հաղթեց միայն «Բորնմութին» (2:1):

Ժոզե Մոուրինիոյի համար լրացուցիչ խնդիր է մի շարք վնասվածք ունեցող ֆուտբոլիստների առկայությունը: Դաշտ վստահաբար դուրս չեն գա Վիկտոր Լինդելյոֆը և Ալեքսիս Սանչեսը: Հարցականի տակ է Անթոնի Մարսիալի, Սքոթ Մաքթոմինեի և ակումբի հինգ պաշտպանների մասնակցություն՝ Քրիս Սմոլինգ, Լյուկ Շոու, Դիոգու Դալոտ, Մաթեո Դարմիան և Մարկոս Ռոխո:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

• «Լիվերպուլը» հաղթել է վերջին 4 պաշտոնական խաղերում
• Տնային խաղերում «Լիվերպուլը» չի պարտվում 28 խաղ անընդմեջ
• ԱՊԼ-ի վերջին 12 տնային խաղերում «Լիվերպուլը» ընդունել է միայն մեկ գնդակ
• «Մանչեսթեր Յունայթեդը» չի հաղթել 3 պաշտոնական խաղ անընդմեջ
• Մրցակցի հարկի տակ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է վերջին 7 խաղերից 2-ում
• «Լիվերպուլը» չի կարողանում հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին» ԱՊԼ-ի 8 խաղ անընմդեջ

«Լիվերպուլի» համար սա երկրորդ բարդ հանդիպումն է այս շաբաթվա ընթացքում: Այս խաղից առաջ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեբանորեն ավելի տանջված են, քան մանկունյանցիները: Բացի այդ, Ժոզե Մոուրինիոն գիտի, թե ինչպես է պետք տրամադել թիմին նման կարևոր խաղերից առաջ: Այդ թվում՝ նաև հյուրերի հարկի տակ: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրերի հարկի տակ հաղթել է «Յուվենթուսին» (2:1) և ոչ-ոքի է խաղացել «Չելսիի» հետ (2:2):

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի կունենա այսօր՝ 20:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս