«Թող ոչ ոք չմտածի, թե մենք Ադրբեջանին պետք է նվեր տանք այդ հողերը». գնդապետ Կորյուն Ղումաշյան

«Արցախում տեղի ունեցած փոփոխությունները չէի ցանկանա քաղաքականացնել կամ կապել Արցախի հարցի հետ։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից, ընտրություններից հետո այնպիսի իրավիճակում ենք, որ մեկը մյուսի վրա ուզում են ցեխ շպրտել, բայց չպետք է պիտակավորենք մեկս մյուսին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը։

Անդրադառնալով նախընտրական շրջանում Սասուն Միքայելյանի և Դավիթ Շահնազարյանի հայտարարություններին, գնդապետը հետևյալն ասաց. «Ես լավ գիտեմ Դավիթ Շահնազարյանին էլ, Սասունին էլ, բոլորս էլ լավ հասկանում ենք, որ ընդամենը սայթաքում էր Սասունի ասածը։ Ես շատ լավ գիտեմ, թե 1993թ. դեկտեմբերի 31-ին ինչպես է եղել, որ Օմարն անցել է Ադրբեջանին։ Օմարը կռվով չեն վերցրել, մերոնք չեն նահանջել, այնտեղ Հրազդանից ջոկատ է եղել, բայց Սասունը չի եղել հրամանատարը։ Ես անձամբ իմ տղաներին ուղարկել եմ Մարտակերտից զինամթերք բերելու, միամիտ բարձրացել են Օմարի գագաթ։ Տղաները ներքևում են եղել, ոչ թե Օմարի գագաթին, թուրքը տեսել է՝ մարդ չկա, եկել՝ նստել են։ Բայց Սասունն այնտեղ չի եղել։ Դավիթ Շահնազարյանն այնտե՞ղ է եղել, Օմարի գագաթի ճանապարհները գիտի՞, որ այդպես խոսում է»։

Ինչ վերաբերում է Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, թե Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին, Կորյուն Ղումաշյանը ասաց, որ նման բան չի եղել. «Վազգեն Սարգսյանը զայրացել էր, երբ Օմարը գրավելու առաջին փորձը ձախողվեց, բայց նա ուրիշ մարդու վրա էր բարկացել, ոչ թե Սասունի։ Եթե մարդիկ դեպքերը չգիտեն, թող այդպես չխոսեն։ Այդ ժամանակ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր, երբ Օմարը գրավելու առաջին փորձը ձախողվեց»։

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե այսօր ստեղծվել է ավելի քան բարենպաստ իրավիճակ՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման համար, գնդապետն ասաց, որ Ալիևի հայտարարությունն իր համար անակնկալ չէ. «Ես ասել եմ՝ մեծից փոքր պետք է այսօր մտածենք բանակի արդիական սպառազինության մասին, թե չէ ուշ կլինի։ Ալիևն էլ ավելի ամպագոռգոռ հայտարարություններ կտարածի։ Բայց թող ոչ ոք չմտածի, թե մենք իրենց պետք է նվեր տանք այդ հողերը, եթե մտածում են, որ պատերազմով կարող են վերցնել, իրենք ավելի շատ կտուժեն»։

Տեսանյութեր

Լրահոս