«Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել՝ ի հաշիվ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախի հարցում միակողմանի զիջումների». Թուրքագետ
Դեկտեմբերի 10-ին արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց դեռևս մայիսին հնչեցրած իր այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: «Բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ուղիղ, առանց նախապայմանների հարաբերություններին։ Մենք գիտենք, որ Թուրքիան ևս դրան պատրաստ է»,- ասել էր Փաշինյանը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունից հետո, ՀՀ արտգործնախար Զոհրաբ Մնացականյանը Երևանում գտնվող թուրք լրագրողների հետ զրույցում նույնպես նշել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց այդ հարցում կարծես թե մնացել է միայնակ:
«Մենք տարանջատում ենք հայ-թուրքական հարաբերություններն այլ գործընթացներից։ Այդ հարաբերությունների հետ կապվող մյուս թեմաները նախապայմաններ են»,- նշել էր ՀՀ ԱԳ նախարարը։
Նշենք, որ դեկտեմբերի 11-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, հայտարարություն էր տարածել, որում կրկնել էր նախկինում մի քանի անգամ հնչեցրած նախապայմանները՝ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է վերադարձնել Ադրբեջանին «օկուպացված տարածքները» և հրաժարվել Ցեղասպանության ճանաչումից:
Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ 168.am-ը զրուցեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։
– Պարոն Մելքոնյան, հաշվի առնելով ՀՀ վարչապետի և արտգործնախարարի հայտարարությունները՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, և դրան ի պատասխան՝ Թուրքիայի արձագանքը, ի՞նչ եք կարծում՝ նման պայմաններում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իրատեսակա՞ն է։
– Եթե դիտարկենք հայ-թուրքական հարբերությունների անցած տարիների դինամիկան, ապա կտեսնենք, որ երկու կողմերն էլ՝ Հայաստանը և Թուրքիան, ունեն կայուն որոշակի տեսակետներ, որոնք տարիների ընթացքում փոփոխության չեն ենթարկվում։ Հայկական կողմի կայուն տեսակետներից մեկն այն է, որ Հայաստանը պատրաստ է իր հարևանների, կոնկրետ՝ Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց նախապայմանների, ինչն ընդունելի է միջազգային երկկողմ հարաբերությունների հաստատման տեսանկյունից։ Թուրքիայի կողմից էլ դիրքորոշումը չի փոխվում, այն է, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում են որոշակի նախապայմաններով, որից առաջինն Արցախի հարցն է։
Հայաստանի ներկայիս իշխանությունները ևս մեկ անգամ վերահաստատում են հայկական կողմի ավանդական և, իմ կարծիքով, ճիշտ դիրքորոշումը, որը սկսած 1990-ական թվականներից՝ որևէ փոփոխության չի ենթարկվել՝անկախ իշխանության ղեկին գտնվողներից։ Ինչ վերաբերում է Թուրքիայի ներկայիս կառավարությանը և նրա մոտեցումներին, ապա այդ մոտեցումները, սկսած 2002 թվականից, երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը եկել է իշխանության, մնում են նույնը՝ կարծր և ապակառուցողական դաշտում։ Անկախ այն հանգամանքից, որ 2008 թվականին, երբ բանակցությունների առումով տեղի ունեցան որոշակի տեղաշարժեր, այդ երկրի քաղաքական վերնախավի մոտ շարունակում են կայուն մնալ ապակառուցողական մոտեցումները։
Մասնավորապես՝ նրանք շարունակում են այն ձևակերպումը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է լինել միայն Արցախի հարցը լուծելուց հետո։
Վերջին դեպքը հենց դրա ապացույցներից է, որ թուրքական կողմից, երևի առանց ստորակետ նույնիսկ փոխելու, կրկնում են արդեն տասնամյակներ շարունակ։ Չեմ կարծում, որ այսօր Թուրքիայում կան այնպիսի դրական տեղաշարժեր, որոնք մեզ լավատեսության հույս կտան և հիմք՝ ենթադրելու, որ մոտ ժամանակներում կարող են հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունենալ դրական միտումներ։ Քանի որ թուրքական քաղաքական մտածողությունը մնում է նույնը, և ամենակարևորը՝ կամք՝ վեր կանգնելու նախապայմանների մտածողությունից, գոնե այս պահին տեսանելի չեն։
– Իսկ Հայաստանի համար որքանո՞վ է կարևոր և այս պահին՝ առաջնային Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը։
– Ինչպես ցանկացած երկիր, այնպես էլ՝ Հայաստանը, շահագրգիռ է իր հարևանների, այն էլ՝ անմիջական հարևանների հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչը կարող է նպաստել տարածաշրջանում լարավածության թուլացմանը։ Հայտնի է, որ տարածաշրջանում լարվածության օջախներից մեկն էլ հայ-թուրքական չստացվող դիվանագիտական հարաբերություններն են։ Կարծում եմ՝ այս առումով Հայաստանի դիրքորշումն իր անմիջական հարևանի հետ հարաբերությունների հաստատումը տեղավորվում է ցանկացած պետության առաջնային շահերի շրջանակներում։ Ինչ վերաբերում է այս պահին, ապա հիմա շատ չի տարբերվում նախորդ տարիներից, և Հայաստանի համար առաջնահերթությունները Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու՝ մնում են նույնը։
Հուսամ, որ նույնն են մնալու նաև Հայաստանի համար կարևոր «կարմիր գծերը», որոնք երբևէ չեն կարող խախտվել։ Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել՝ ի հաշիվ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախի հարցում միակողմանի զիջումների։ Թուրքիան խնդրահարույց հարաբերություններ ունի Հունաստանի հետ, և կա չլուծված Կիպրոսի հարց, բայց Թուրքիան Հունաստանի հետ իր հարաբերությունները չի պայմանավորում Կիպրոսի խնդրի լուծմամբ։
Իսկ Հայաստանի պարագայում Թուրքիան, փաստորեն, շատ ավելի կարծր դիրքորոշում ունի, և հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կապելով Արցախի խնդրի հետ, ըստ էության, հարցը տանում է փակուղի՝ շատ լավ իմանալով, որ իր դրած նախապայմանի դեպքում հայ-թուրքական հարաբերություններում որևէ իշխանության դեպքում հնարավոր չէ արձանագրել տեղական տեղաշարժեր։
– Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների օրակարգում կրկին հայտնվեն հայ-թուրքական արձանագրությունները, թե՞ դրանք այլևս ժամանակավրեպ են։
– Առաջինը, եթե հայ-թուրքական արձանագրությունները դիտարկում ենք իրավական տեսանկյունից, ապա հիշում ենք՝ 2010 թվականի ապրիլի 2-ին կասեցվեց դրա հետագա ընթացքը, իսկ արդեն այս տարվա գարնանը հայկական կողմից չեղարկվեց։ Իրավաբաններն ավելի ճիշտ պատասխան կտան, թե որքանով են այդ արձանագրությունները կենսունակ, և արդյո՞ք երբևէ կարող են վերադառնալ քաղաքական օրակարգ։
Կարծում եմ՝ այն կարելի է արդեն փակված համարել, քանի որ պաշտոնապես մեր պետության կողմից համարվել են առոչինչ։ Մյուս տեսանկյունից էլ՝ այդ արձանագրությունները կարող են ունենալ որոշակի նշանակություն, ընդ որում է դրական ու բացասական առումներով։ Դրական, որ Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքում կուտակել ենք մեծ փորձ և ավելի մոտիկից ենք ծանոթացել նրա գործելաոճին, ինչը մեզ կարող է օգտակար լինել։ Բացասական, որ արձանագրություններում տեղ գտած որոշակի խնդրահարույց կետեր, որոնք տարաձայնություններ առաջացրեցին հայ և թուրք հասարակության մեջ, պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում, և հետագա ցանկացած գործընթացի ժամանակ այդ հարցերն ավելի զգայուն մոտեցում են պահանջելու։
Զվարթ Խաչատրյան
Հ.Գ. Հիշեցնենք, որ դեռևս 2008 թվականին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման փորձ կատարեց և Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման պատրվակով Հայաստան հրավիրեց Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին, որի համար այդ քայլը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։
Այդ ամենի արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև ստորագրվեց արձանագրություն` երկու երկրների միջև առանց նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։
Թուրքիայի կողմից 10 տարի շարունակ չստորագրված արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին այս տարվա գարնանը։