«Նման խոսակցություն մեր և հանրապետության նախագահի միջև ընդհանրապես չի եղել». Վիտալի Բալասանյանը՝ իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերի մասին
ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ պաշտոնանկ է արվել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ 168.am-ի հավաստի աղբյուրների համաձայն, սակայն, Լ. Մնացականյանի պաշտոնանկության հրամանը թեև դեռ չի եղել, բայց տեղեկատվությունը ստույգ է։
Նրա փոխարեն նշանակվելու է Կարեն Աբրահամյանը՝ Արցախի բանակի գլխավոր շտաբի պետը։ Վերջինս երեկվանից Երևանում է գտնվում՝ հանդիպումներ ու հարցազրույցներ է անցնում ՀՀ իշխանությունների մոտ՝ այդ պաշտոնում նշանակվելու համար։
ԶԼՄ-ներում և սոցցանցերում նշվում էր նաև, որ պաշտոնից հեռացվելու են նաև Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Այսինքն, այն պաշտոնյաները, ովքեր արձագանքել էին «Իմ քայլը» նախընտրական դաշինքի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի հայտարարություններին և արժանացել Փաշինյանի զայրույթին։
168.am-ը ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանից փորձել է պարզել, թե ինչ է իրականում կատարվում Արցախում։
– Պարոն Բալասանյան, պաշտոնանկությունների մասին լուրերն իրականությանը համապատասխանո՞ւմ են, ի՞նչ է կատարվում Արցախում։
– Ինչ վերաբերում է Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնանկության մասին լուրերին, ապա կարճ ժամանակ անց պաշտոնական հայտարարությունը կլինի, սպասենք պաշտոնական հայտարարությանը։ Այն լուրերը, որոնք տեղ են գտել մամուլի էջերում, իրականությանն ընդհանրապես չեն համապատասխանում։ Ե՛վ ես, և՛ Արշավիր Ղարամյանը պատահական մարդիկ չենք այս երկրում, օդից պաշտոններ չենք զբաղեցրել, մենք ունենք անցած ճանապարհ, քրտնաջան աշխատել ենք։ Նման խոսակցություն մեր և մեր հանրապետության նախագահի միջև ընդհանրապես չի եղել, համոզված եմ, որ չի էլ լինելու, և մենք մեր աշխատանքային պարտականությունները շարունակում ենք կատարել՝ ի շահ մեր պետականության, ի բարօրություն մեր ամբողջ ժողովրդի։
– Այդ դեպքում նման լուրերի տարածումը, ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում։
– Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան հայտնի զարգացումներից հետո մենք բազմիցս տեսանք, որ տարբեր մարդիկ տարբեր թեմաներ են դնում շրջանառության մեջ։ Չեմ կարող ասել՝ այդ մարդիկ ինչո՞ւ են հեղեղել մամուլը նման տեղեկություններով։
– Հայաստանի իշխանությունների հետ որևէ խնդիր ունեցե՞լ եք այս ընթացքում։
– Ո՛չ։ Երբ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել փոփոխությունը, մայիսի 9-ին արդեն իսկ ընտրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախ, մենք միասին մասնակցել ենք այդ տոնակատարություններին։ Դրանից հետո քանիցս վարչապետի գլխավորությամբ եղել են պատվիրակություններ, մենք մասնակցել ենք այդ քննարկումներին, թե՛ պաշտպանության, թե՛ անվտանգության, թե՛ սոցիալ-տնտեսական բոլոր հարցերը բարիդրացիական շրջանակներում քննարկել ենք, և՛ արցախյան, և՛ հայաստանյան կողմի համապատասխան կառույցներն ի պաշտոնե այդ աշխատանքները կատարել են։ Որևէ այլ բան մեր միջև ընդհանրապես տեղի չի ունեցել։