
Ռումինիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Բուխարեստի «Ամանորյա բարեգործական տոնավաճառ»-ին

Դեկտեմբերի 9-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Բուխարեստի Կանանց միջազգային ասոցիացիայի կողմից ROMEXPO կենտրոնում կազմակերպված «Ամանորյա բարեգործական տոնավաճառ» միջոցառմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, բարեգործական ձեռնարկին մասնակցում էին Բուխարեստում հավատարմագրված 56 դիվանագիտական ներկայացուցչություններ ու տասնյակ տեղական կազմակերպություններ։
Տոնավաճառի հայկական տաղավարում ներկայացված էին ազգային հուշանվերներ և զարդեր, Ամանորի խաղալիքներ, հայկական հրուշակեղեն, հայկական շոկոլադներ ու կոնյակ, հայկական ավանդական ուտեստներ ու քաղցրավենիք:
Միջոցառման համերգային հատվածի ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները հանդես եկան իրենց ավանդական ազգային երգ ու պարի համարներով։ Ներկաներն առիթ ունեցավ վայելելու նաև Բուխարեստի «Վարդավառ» պարախմբի սաների կատարումները:
Տոնավաճառի բացման արարողությանը հետևած շրջայցի ընթացքում բազմաթիվ այցելուների թվում Հայաստանի տաղավար այցելեցին Ռումինիայի Եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Ջորջ Չամբան, Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ:
Վաճառքից գոյացած հասույթը դեսպանությունը տրամադրեց Ռումինիայի Կանանց միջազգային ասոցացիայի կողմից 2019թ. համար նախատեսված բարեգործական նախաձեռնությանը: