«Իմ քայլից» ո՞վ է «գործուղվելու» օրենսդիր մարմին, և ո՞վ՝ գործադիր
«Իմ քայլը» դաշինքում դեռ չեն որոշել՝ ո՞վ է «գործուղվելու» օրենսդիր մարմին, և ո՞վ՝ գործադիր։ Դաշինքի ցուցակով պատգամավորության 5-րդ թեկնածու, ԿԳ նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նման որոշում դեռ չունեն, բայց առաջիկա օրերին տեղի կունենան քննարկումներ, և որոշում կկայացվի։
Դիտարկմանը, որ ԱԺ նախագահի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է նաև իր անունը, Ա.Հարությունյանը պատասխանեց. «Մամուլում տարբեր անուններ են քննարկվում, բայց մենք այդ հարցը դեռ չենք քննարկել։ Առաջիկա օրերին դա ևս կորոշվի։ Նաև որոշումներ կկայացվեն, թե ովքեր են գործադիրում մնալու, ովքեր են ԱԺ գնալու։ Մեծ աշխատանք կա անելու»։
Հարցին՝ անձամբ ինքն ի՞նչ կնախընտրեր՝ շարունակե՞լ աշխատել կառավարությունում, թե՞ օրենսդրական գործունեությամբ զբաղվել, Ա.Հարությունյանը դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող ասել, կախված է մեր ներքին քննարկումներից, քաղաքական գործընթացներից։ Պետք է թիմային որոշում կայացվի»։
Թե ե՞րբ է կայանալու ՔՊ կուսակցության վարչության նիստը, Ա.Հարությունյանը նշեց, որ առաջիկա օրերին անընդհատ հանդիպումներ են ունենալու, քանի որ, իրոք, մեծ աշխատանք կա անելու։
Նշենք, որ տարբեր ոչ պաշտոնական հաշվարկներով, «Իմ քայլը» դաշինքը ստանալու է 67-88 մանդատ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրված քաղաքական ուժերի միջև մանդատների բաժանումն անելու է, թերևս, հաջորդ շաբաթ։