Բաժիններ՝

Դատավորի վրա բիրտ ճնշում է եղել. դատավոր Ալեքսանդր Ազարյան. ArmDaily.am

ArmDaily.am-ին տված հարցազրույցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ով ազատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից, գնահատում է դատարանի այսօրվա որոշումը։

– Ինչպե՞ս է ստացվում, որ Դուք կալանքից ազատել էիք Քոչարյանին, ձեր գործընկերը՝ Ռուբիկ Մխիթարյանը, տրամագծորեն հակառակ որոշումն է կայացրել։

– Ես չեմ կարող գնահատական տալ, միայն Վճռաբեկ դատարանը կարող է գնահատական տալ։

– Որոշումը հրապարակվել է, ի՞նչ ժամկետում պետք է կալանավորվի։

– Անմիջականորեն, ես չեմ բացառում, որ հիմա էլ կալանավորում են։

– Եթե դուք այլ որոշում էիք կայացրել, հնարավոր է ձեզ պատասխանատվության ենթարկեն, օրենքը ինչ-որ բան նախատեսո՞ւմ է։

– Օրենքը թույլ է տալիս, եթե դատավորը որեւէ խախտում է թույլ տալիս, իհարկե։ Օրինակ՝ կարող են կարգապահական վարույթ հարուցել։

– Նման պրակտիկա կա՞, երբ, օրինակ, նույն ատյանի տարբեր դատավորներ տարբեր խափանման միջոց են ընտրում, մեկին պատժում են։

– Նման դեպքեր չեմ հիշում, բայց ոչինչ չեմ բացառում։

– Կալանքից ազատելիս Դուք հիմքում դրել էիք անձեռնմխելիությունը, այժմ նրան նորից կալանավորեցին։ Հնարավո՞ր է այս որոշման վրա ազդել են քաղաքական հայտարարությունները կամ ԱԱԾ, ՀՔԾ պետերը կապի մեջ են եղել դատավորի հետ։

– Որ բիրտ ճնշում է եղել, դա միանշանակ։

– Ո՞ւմ վրա՝ դատավորի՞, թե՞ համակարգի։

– Համակարգի մասին է խոսքը, ես Մխիթարյանին նկատի չունեմ։

– Ո՞ւմ կողմից է եղել ճնշումը։

– Հասարակության կողմից, տարբեր պաշտոնատար անձանց կողմից, այո, ճնշում է եղել։

– Միայն հայտարարությունների՞ տեսքով, թե՞ այլ միջոցներով եւս։

– Ես կարող եմ հայտարարությունների տեսքով գնահատական տալ, այլ ինֆորմացիա չեմ տիրապետում։

– Պարոն Մխիթարյանը ձեր կոլեգան է, նա վախեցող, բիրտ ճնշմանը տուրք տվող տեսա՞կ է։

– Ես Մխիթարյանին ճանաչում եմ միայն որպես օրենքով ղեկավարվող անձնավորություն։

– Լավ, եթե նա օրենքով է ղեկավարվել եւ կալանավորվել է, իսկ դուք ինչո՞վ եք առաջնորդվել։

– Տարբեր իրավաբաններ տարբեր տեսակետ կարող են ունենալ նույն հարցի վերաբերյալ։ Եթե ես այսօր որոշում կայացնեի, նույն որոշումը կկայացնեի, Մխիթարյանը այլ կարծիք է ունեցել փաստորեն, ինչ կարող եմ ասել։

– Բայց չի կարող չէ՞ նույն օրենքը մի դեպքում ազատել Քոչարյանին, մյուս դեպքում՝ կալանավորել, նույն գործի, ապացույցների հետ գործ ունենք։

– Ուրեմն մեկը սխալվել է։

– Ո՞վ է սխալվել։

– Ես չեմ կարող ասել։ Վճռաբեկ դատարանը գնահատական կտա։

– Իսկ սխալվող դատավորի նկատմամբ ինչ-որ գործողություն լինո՞ւմ է։

– Եթե ակնհայտորեն կոպիտ խախտում է թույլ տվել դատավորը, իհարկե։

– Հիմա ձեր նկատմամբ ինչ-որ բան լինելո՞ւ է։

– Ես չեմ կարող ասել, ես իմ կարծիքին եմ մնում, գտնում եմ, որ ճիշտ դատական ակտ եմ կայացրել՝ օրենքի տառին համապատասխան, մնացած գնահատականը թող վերադաս դատարանը տա։

– Զարմացա՞ծ եք Մխիթարյանի որոշման վրա, թե՞ սպասելի է։

– Չեմ կարող մեկնաբանել, ոչ զարմացած էի, ոչ էլ սպասում էի։

– Կարո՞ղ է ազդել են վերջին օրերի հայտարարությունները։

– Ճիշտ կլինի՝ այդ հարցը Մխիթարյանին ուղղեք, որ ճնշում է եղել դատարանի նկատմամբ, դա միանշանակ, կոնկրետ չեմ ասում Մխիթարյանի, դատական համակարգի նկատմամբ։ Անթույլատրելի եմ համարում, որ հրապարակայնորեն ինչ-որ մատ են թափ տալիս դատարանի վրա, տարբեր հայտարարություններ անում։

– Կարծում եք՝ Քոչարյանը չպե՞տք է կալանավորվեր անձեռնմխելիության հիմքով։

– Այո, բացի նրանից, ինչ կա դատական ակտում, ոչինչ չեմ կարող ասել, ի պաշտոն իրավունք էլ չունեմ, միայն կարող եմ ասել՝ ճիշտ դատական ակտ եմ կայացրել։

– Ընտրություններից առաջ պատահակա՞ն է այս ամենը։

– Որոշմանը ծանոթ չեմ, գնահատական չեմ կարող տալ, ծանոթ լինեի, էլի չեմ կարող տալ։

– Ինչպես Սերժ Սարգսյանն է ասել՝ ես սխալ էի, Նիկոլը՝ ճիշտ, հիմա կարո՞ղ ենք ասել՝ դուք սխալ էիք, Մխիթարյանը՝ ճիշտ, թե՞ հակառակը։

– Չեմ կարող ասել, Վճռաբեկ դատարանը գնահատական թող տա։

Նյութն ամբողջությամբ կարդացեք ArmDaily.am-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս