Արթուր Վանեցյանը հայտնեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում հայտնեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է և, ինչքանով որ ես տեղյակ եմ, գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում»,- նշեց Վանեցյանը

Հարցին՝ արդյոք քննիչը այցելել է Ռոբերտ Քոչարյանին, նա պատասխանեց, որ տեղյակ չէ:

ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ: Առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Տեսանյութեր

Լրահոս