Տիգրան Ավինյանը մասնակցել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին
Դեկտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեց Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը ասաց, որ այժմ, երբ աշխարհը թևակոխել է չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջան, ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող հասնել զարգացման բարձր մակարդակի և ապահովվել քաղաքացիների բարեկեցությունը և արժանապատիվ ու երջանիկ կյանքն առանց գիտելիքների և տեխնոլոգիաների ու մարդկային կապիտալի զարգացման։ Այս առումով, կառավարության զարգացման տեսլականի անբաժանելի մասն է տնտեսության բոլոր ճյուղերում նորարարական տեխնոլոգիաների ներդրումը ու թվայնացման գործընթացի խթանումը։
Փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը հռչակվել է գերակա և այն Հայաստանում շարունակվում է զարգանալ հեղափոխական տեմպերով։ Վերջին յոթ տարիներին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է ավելի քան 26% միջին տարեկան աճ, ինչի շնորհիվ այն դարձել է ամենաարագ աճողը տնտեսությունում: Ունենք 800-ից ավելի ընկերություններ, իսկ ՏՀՏ-ում աշխատողների թիվը գերազանցում է 15 000-ը։ Վերջին տարիներին Հայաստանը հայտնի է դարձել ոչ միայն համաշխարհային առաջատար ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի առկայությամբ, այլև արդեն հայկական ընկերությունները դուրս են եկել միջազգային շուկա։ Տիգրան Ավինյանը հավելեց, որ Հայաստանում արդի ու դինամիկ ստարտափային մշակույթ է ձևավորվել՝ ի շնորհիվ երիտասարդության ստեղծագործ ոգու և ձեռնարկատիրական ջիղի։
Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ երկիրը չպետք է բավարարվի առկա ձեռքբերումներով և առաջանցիկ աճ ապահովվելու համար կառավարությունը նախատեսում է ապահովել «կրթություն-գիտություն-արդյունաբերություն-արտադրություն» կապը, աջակցել առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանն հանրային կյանքի տարբեր ոլորտներում, խթանել հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ մրցունակ ապրանքանիշի ձևավորումը, ստեղծել վենչուրային և ներդրումային ֆոնդեր ստարտափների աջակցման նպատակով, նպաստել միջազգային բարձր տեխնոլոգիական ընկերությունների մուտքին Հայաստան, ինչի արդյունքում կստեղծվեն գիտահետազոտական և արտադրական նոր կենտրոններ:
Անդրադառնալով մարզերի անհամաչափ զարգացմանը, Տիգրան Ավինյանը ասաց, որ դա Հայաստանի Հանրապետության համար լուրջ մարտահրավեր է: Այդ առումով, նորարությունները, բարձր տեխնոլոգիաները ու STEM կրթությունը մեծապես կարող են նպաստել անհամաչափ զարգացումը հարթելու, ինչպես նաև մարզային համայնքների մրցունակությունը բարձրացնելու գործին: Պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի մարզային երիտասարդությունը որակյալ տեխնոլոգիական կրթություն ստանալու և բարձր վարձատրվող աշխատանք ունենալու համար ստիպված չլինի գնալ Երևան: Դրա համար, կառավարությունը նախատեսում է առավելագույնս նպաստել Հայաստանի մարզերում առկա ժամանակակից տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեությանը և ձեռնարկելու է միջոցներ նոր կենտրոնների ստեղծման համար: Բացի այդ, թիրախավորված հարկային քաղաքականության և կառավարության ունեցած այլ միջոցների կիրառմամբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն, որպեսզի մարզերում ծնվեն նոր ստարտափներ ու նախաձեռնություններ, ինչպես նաև օտարերկրյա գործարարների համար ներդրումներ կատարելն ավելի գրավիչ լինի: