Ինչ են խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սանկտ Պետերբուրգում. պարզաբանում է Արման Եղոյանը
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև շփում եղել է։ Ադրբեջանական կողմի տարածած այս լուրը 168.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամլո խոսնակ Արման Եղոյանը։
«Այո, շփում եղել է, քննարկվել է Հայաստանում և Ադրբեջանում կալանավորված անձանց փոխանակման հարցը, որը, սակայն, այս պահին դեռ լուծում չի ստացել։ Մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցային գործընթացի պատմության վերաբերյալ, իսկ կարգավորման ապագային առնչվող բովանդակային քննարկում չի եղել»,- ասաց Ա.Եղոյանը։
Մեր հարցին, թե բանակցությունների շարունակման խնդրի վերաբերյալ խոսվե՞լ է, Ա.Եղոյանը պատասխանեց՝ ոչ։
Հիշեցնենք, որ Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ 2 երկրների ղեկավարների զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցությունների շարունակման հարցը։ Ըստ նրա՝ վերջին շրջանում շփման գծի ու պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է տիրում, որը «շատ լավ նախադրյալ է ստեղծում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ առարկայական ու ինտենսիվ բանակցություններ վարելու համար»: «Դա ամենևին էլ չպետք է հանգեցնի հակամարտության սառեցմանը կամ անթույլատրելի ստատուս քվոյի պահպանմանը», – ասել է Հաջիևը:
Ադրբեջանցի պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև «ձերբակալված անձանց փոխանակման» հարցը: