Որքան գումար են ծախսել քաղաքական ուժերը քարոզարշավի ժամանակ
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի համար ամենաշատ գումար ծախսել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ ՀՀԿ-ի նախընտրական հիմնադրամում եղել է 124 մլն, որից 114 մլն 169 հազար դրամը ծախսվել է։
«Իմ քայլը» դաշինքի հիմնադրամում ավելի շատ գումար է մուտք եղել՝ 136 մլն 259 հազար դրամ, սակայն դեռևս ծախսվել է միայն 94.2 մլնը։
Ծախսերի չափով երրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ գրեթե 70.4 մլն (հիմնադրամում եղել է 80 մլն 119 հազար դրամ), ապա ՀՅԴ-ն՝ 29 մլն (հիմնադրամում՝ 33 մլն), «Լուսավոր Հայաստանը»՝ գրեթե 17.2 մլն (հիմնադրամում՝ մոտ 24.7 մլն), «Սասնա ծռերը»՝ 9.5 մլն (հիմնադրամում՝ 10.8 մլն), ՄԵՆՔ դաշինքը՝ 8.7 մլն (հիմնադրամում՝ 20.3 մլն), ՕԵԿ-ը՝ 6.7 մլն (հիմնադրամում՝ 7.2 մլն), Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 3.1 մլն (հիմնադրամում՝ 5 մլն), Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը՝ 1.5 մլն (հիմնադրամում՝ 2.6 մլն), և Ազգային առաջընթացը՝ 489.4 հազար (հիմնադրամում՝ 490 հազար)։