Բուշը խոսել է ԽՍՀՄ ղեկավար Գորբաչովի հետ և իրենց կարգադրել օդանավ պատրաստել… ԱՄՆ Կանզասի նահանգապետ

Այսօր Գյումրիում «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանի մոտ 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակի արարողության ժամանակ ԱՄՆ Կանզասի նահանգապետ Ջեֆ Քոլյերը նշեց, որ 30 տարի առաջ չէր պատկերացնի, որ կվերադառնա Հայաստան որպես նահանգապետ։

Նա մի պատմություն պատմեց. ինքը, որ մասնագիտությամբ բժիշկ է, աշխարհի տարբեր վայրերում է աշխատել, 1988-ի դեկտեմբերի 7-ին, իմանալով կատարվածի մասին, կապվել է այն ժամանակ նորընտիր նախագահ Բուշի հետ, որն ասել է, որ պետք է փորձեն օգտակար լինել, թեև հայտնի է, որ ԽՍՀՄ-ը մինչ այդ ոչ մի օգնության առաջարկ չէր ընդունել։ Բուշը խոսել է ԽՍՀՄ ղեկավար Գորբաչովի հետ և իրենց կարգադրել օդանավ պատրաստել։

«Երբ հասանք այս գեղեցիկ քաղաք, մենք ականատես եղանք ողբերգական տեսարանի, որ հնարավոր չէ նկարագել»,- ասաց Ջեֆ Քոլյերը՝ մատնանշելով, որ միաժամանակ զարմացել էին Հայաստանում թևածող ֆանտաստիկ բարության ոգու վրա։

«Աշխարհում ուր էլ ես հանդիպեմ հայերի, ես գիտեմ, որ նրանք այն ազգն են, որ ունի հարուստ մշակույթ, գիտություն և արժանապատվություն»,- ասաց Կանզասի նահանգապետը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի լավագույն օրերը առջևում են։

Նրա բնորոշմամբ՝ հայերին հատուկ է դարձնում իրենց հիշողությունը, և հիշելով, թե ինչ են կորցրել, նրանք երազում են լավ ապագա իրենց զավակների համար։

 

Տեսանյութեր

Լրահոս