«Հայ ժողովուրդը մշտապես երախտապարտ է այդ ծանր պահին Հայաստանին ցուցաբերած բարեկամական վերաբերմունքի համար». Ֆելիքս Ցոլակյան

Այսօր կառավարությունն արտահերթ արտագնա նիստ է անցկացնում Գյումրիում։ Նիստի սկզբում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սպիտակի մեծ երկրաշարժի 30-րդ տարելիցն է, որին զոհ գնացին շուրջ 25 հազար հայրենակիցներ։ Նրա առաջարկով նիստի մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել նաև որպես աղետներին դիմակայունության օր:

Նա հիշեցրեց դեկտեմբերի 7-ի աղետը, զոհերին ու վիրավորներին, որ րոպեների ընթացքում մեծածավալ ավերածություններ եղան ՀՀ քաղաքներում և շնորհակալություն հայտնեց օգնության հասած օտարերկրացիներին։

«Հայ ժողովուրդը մշտապես երախտապարտ է այդ ծանր պահին Հայաստանին ցուցաբերած բարեկամական վերաբերմունքի համար և երբեք չի մոռանա նրանց, որոնք, անգամ զոհաբերելով իրենց կյանքը, կանգնեցին մեր կողքին և տրամադրեցին անգնահատելի աջակցություն»,- ասաց Ֆ.Ցոլակյանը։

Նրա խոսքով՝ «աղետներին դիմակայունության օր» բառակապակցությունը կնորոշի այն ուժն ու ոգին, որ հայ ժողովուրդը կրում է իր մեջ։

Տեսանյութեր

Լրահոս