ՕԵԿ-ը ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը երկրի զարգացման հրաշալի հնարավորություն է համարում
«Օրինաց երկիր» կուսակցությունը գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը երկրի առաջընթաց զարգացման հրաշալի հնարավորություն է համարում: Այս մասին Առաջին ալիքի ուղիղ եթերում, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում նշեց «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանը:
«Ուզում եմ ողջունել այսօրվա փաստը, որովհետև 30 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանում Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպել է բանավեճ ընտրարշավին մասնակցող առաջին դեմքերի մասնակցությամբ: Սա գուցե փոքրիկ, բայց կարևոր արձանագրություն է նոր Հայաստանում ու նոր իրողության պայմաններում: Երկրորդը՝ ուզում եմ միարժեք մերժել վերջին օրերին հրապարակ նետված այդ գաղտնալսման հետ կապված պետության, մի դեպքում՝ առաջին դեմքի, մի դեպքում՝ ուժային կառույցների… Ինքս ժամանակին լինելով գաղտնալսման տուժածներից մեկը, վճռականորեն մերժում եմ քաղաքական նպատակներով նման գործելաոճի իրականացումը, որովհետև դա ոչ մի պատիվ չի բերում մեր երկրին ու մեր հայրենիքին: Կողմնակից ենք մշտապես եղել քաղաքական խաղաղությանը ու ոչ պատերազմին, քաղաքական մրցակցությանը ու ոչ քաղաքական ատելությանը:
Ինչ վերաբերում է մեր ծրագրային մոտեցումներին, «Օրինաց երկիր»-ը Հայաստանում 250 օրենքների հեղինակ է, մենք բազմաթիվ ոլորտներում բազմաթիվ բարեփոխումներ ենք իրականացրել, և հիմա էլ ներկայացնում ենք երկրի զարգացման մեր տեսլականը: Աջակցելով հեղափոխությանը՝ մենք գտնում ենք, որ հեղափոխությունը Հայաստանն առաջընթաց զարգացման տանելու հրաշալի հնարավորություն է տվել: Դրա համար մեզ անհրաժեշտ են մրցունակ գաղափարներ, փորձված քաղաքական կառույցներ ու գործիչներ, որոնք կարող են երկիրը տանել առաջընթաց զարգացման ճանապարհով: Ի վերջո, այսօր լրջագույն խնդիրներ կան: Սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում մենք ունենք մարտահրավերներ, նաև՝ արտաքին քաղաքական ճակատում, և մեզ անհրաժեշտ է համախումբ գործելակերպ՝ խնդիրները լուծելու համար»,- ասաց Բաղդասարյանը:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ: