«Ազգային առաջընթաց» կուսակցությունը խոստանում է ընտրվելու պարագայում վերացնել պատգամավորների անձեռնմխելիությունը

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը խոստանում է Ազգային ժողով մտնելու պարագայում վերացնել պատգամավորների անձեռնմխելիությունը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ ասաց կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Լուսինե Հարոյանը, ով համոզմունք հայտնեց, որ պատգամավորը չպետք է լինի ժողովրդից վեր, այլ ընդամենը պետք է լսելի դարձնի ժողովրդի պատգամն ԱԺ-ում:

«Ցավոք այս ընտրապայքարն ավելի շատ վերածվեց մեղադրանքների, միմյանց քարկոծելու պայքարի: Երբ մենք բոլորս միասին ապրիլ-մայիսին հեղափոխություն էինք անում, մեծ հույս ունեինք, որ վերջապես ունենալու ենք քաղաքական դաշտ, որտեղ կգան առողջ, նոր ուժեր, մեր քաղաքական դաշտը ոչ թե կվերածվի ինչ-որ մեկի շահերի բախման, այլ առողջ գաղափարական պայքարի դաշտի: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հենց այդ կուսակցությունն է, որն ուզում է ներմուծել նոր քաղաքական մշակույթը:

Մենք սիրում ենք մեր երկիրը, մենք ուզում ենք և պատրաստ ենք բոլոր անձնային ու մասնագիտական կարողությունները ներդնել ի շահ նոր Հայաստանի, ի շահ ժողովրդի»,- ասաց նա:

Լուսինե Հարոյանը նշեց, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը մարդակենտրոն կուսակցություն է: «Մենք գտնում ենք, որ պետությունը պարտավոր է հոգ տանել իր քաղաքացիների մասին և ստեղծել սոցիալապես արդար հասարակարգ:

Մենք վերացնելու ենք կապիտալի գերիշխանությունը քաղաքական դաշտում, ազատելու ենք տնտեսությունը բանկային-վաշխառուական համակարգի ճիրաններից: Մենք կրթությունը հռչակելու ենք տնտեսության գերակա ճյուղ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս