«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը սոցիալական շուկայական հայեցակարգ է առաջարկում

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը սոցիալական շուկայական հայեցակարգ է առաջարկում Հայաստանի զարգացման համար: Այս մասին Առաջին ալիքի ուղիղ եթերում, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանը:

«Իմ համախոհների հետ միասին հեղափոխությանը միացել ենք ապրիլի 2-ին, և հեղափոխության արմատական կողմնակիցներ ենք մնում այսօր ու հետագայում: Այդ նպատակով մենք փորձեցինք ու որոշ չափով կարողացանք երկրում ծավալել քրիստոնեական արժեհամակարգի վերականգնման, ժողովրդավարության շարժում՝ մեր ազգային, ավանդական արժեքների հիմքի վրա: Այդ ճանապարհին մենք մշակեցինք կոնցեպցիաներ: Այսօր հայտարարում ենք պարզ և հստակ՝ եթե ՀՀ-ն զարգացման ռազմավարական ընթացքը չի փոխելու, երկրի հարստությունները մնալու են որոշակի կազմակերպությունների ձեռքին, մենք կարծում ենք, որ հեղափոխությունը հաջողություն չի ունենալու: Դրա համար մշակել ենք հստակ կազմակերպված, գիտության բոլոր չափանիշներին համապատասխան կոնցեպցիաներ: Մենք առաջարկում ենք սոցիալական շուկայական տնտեսության հայեցակարգ. սա փիլիսոփայական, քաղաքական կոնցեպցիա է, որը կիրառվել է աշխարհի լավագույն երկրներում ու տվել է բարձրագույն արդյունք: Մենք գտնում ենք, որ պառլամենտարիզմը պետք է զարգանա, որովհետև բալանսավորված խորհրդարանն է, որ կարող է երկրի առաջընթացն ապահովել: Դրա համար ենթադրում ենք, որ շուրջ 60% իշխող զարգացածության պարագան բավարար է վարչապետի կայուն քաղաքականության համար, և այստեղ պետք է լինեն նաև այլ կուսակցությունները»,- ասաց Շիրինյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Տեսանյութեր

Լրահոս