ՀՅԴ-ն ցանկանում է տեղի ունեցած հեղափոխությունը դարձնել իրական

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նպատակը տեղի ունեցած հեղափոխությունն իրական դարձնելն է: Այս մասին Առաջին ալիքի ուղիղ եթերում՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում ասաց ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավոր Արմեն Ռուստամյանը:

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում այս տարի, իսկապես աննախադեպ էր: Համաժողովրդական շարժումն իրապես մեր կյանքում նոր փոփոխությունների դուռ բացեց: Այդ շարժման արդյունքը, սակայն, այսօր, ըստ էության, բերեց նրան, որ խոշոր հաշվով տեղի է ունեցել մարդափոխություն: Այս մակարդակի վրա եթե մնա մեր շարժման կատարածը, ապա շատ արագ նորից ժողովրդի մեջ լայն տարածում է ունենալու հիասթափությունը: Խնդիրն այն է, որ մենք հեղափոխությունը շարունակենք, այն դարձնենք լիարժեք: Իսկ այդպես կլինի, եթե այն բոլորի համար տեսանելի լինի, մտնի յուրաքանչյուրի տուն, իսկ սրա համար պետք է այդ հեղափոխությունն ունենա հստակ գաղափարախոսություն: Դա է, որ մենք այսօր ներկայացնում ենք մեր ընտրողներին: Դրանք ազգային, ընկերվարական, սոցիալիստական գաղափարներից բխող մեր մոտեցումներն են, որ, ազգային խնդիրների հետ կապված, պետք է ամեն ինչ անենք, որ հայ-թուրքական, Արցախի հիմնախնդիրները լուծվեն մեր նպատակներն ու սկզբունքները չդավաճանելով: Մեր սոցիալական խնդիրները պետք է լուծենք այնպես, որ ոչ մի մարդ աղքատ չլինի: Սոցիալական հարցերը մեզ համար շատ կարևոր են, և այս խնդիրների լուծումն է, որ հեղափոխությունը կդարձնի իրական և մենք չենք ունենա հիասթափություն այս հերթական շարժումից»,- ասաց Ռուստամյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։

Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Տեսանյութեր

Լրահոս