Այս ընտրություններից է կախված լինելու մեր երկրի ապագան առաջիկա 5 տարիներին և անդին. Վիգեն Սարգսյան
Այս կիրակի մենք կատարելու ենք ընտրություն, որից կախված է լինելու մեր երկրի ապագան առաջիկա 5 տարիներին և անդին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը:
«Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու և ստեղծելու, այլակարծությունը խեղդելու միջոց»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց, թե Փաշինյանը ժողովրդի ընտրությանը ներկայանում է ոչ թե քաղաքական թիմով, այլ անձնական նվիրվածության սկզբունքով ձևավորված ցուցակով:
«Մեր երկրում առկա բազմակարծության, մամուլի ազատության մթնոլորտը թունավորվել է ու ավելի կսեղմվի, եթե չկանխենք դա: Դատարանների և արդարադատության անկախությունը վտանգի տակ է և իսպառ կվերացվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա: Տնտեսությունը գահավիժում է և անպայման կհայտնվենք ճգնաժամի մեջ, եթե չկանխենք դա:
Դեկտեմբերի 9-ը հին ու նոր իշխանությունների միջև ընտրություն կատարելու օր չէ, դեկտեմբերի 9–ը յուրաքանչյուրիս քվեով որոշելու օր է՝ վերածվելու է Հայաստանը միանձնյա բռնապետության, թե կանցնի բարդ, բայց բալանսավորված հակակշիռների համակարգին»,- եզրափակեց խոսքը ՀՀԿ ցուցակի առաջին համարը: