«Իմ թիրախը ՀՀԿ-ն չէ, իմ թիրախը նրանց այն ղեկավարներն են, որոնք Հայաստանը հասցրել են այս օրի». Խաչատուր Քոքոբելյան

«Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Անժելա Խաչատրյանն այսօր Մարտունիում նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց, որ իրենք շատ արագ՝ առնվազն 3 տարում, կարող են վերանորոգել ՀՀ միջպետական և միջհամայնքային ճանապարհները։

«Մենք այսօր գալիս էինք և տեսնում էինք, թե ինչ խնդիրներ կան ճանապարհներին, այն էլ այնպիսի վայրերում, ինչպիսին Մարտունին է, Սևանն ու այլ կարևորագույն տեղեր, որտեղ ճանապարհները պետք է շատ լավը լինեն։ Պետք է լինի ճանապարհ, որպեսզի լինի տուրիզմ։ Անընդհատ խոսում են տուրիզմի զարգացման մասին, Սևանի, Գեղարքունիքի զարգացման մասին, բայց անգամ տարրական ճանապարհ չկա, որպեսզի մարդիկ գան-հասնեն այստեղ»,- ասաց Ա.Խաչատրյանը։

Դաշինքի առաջնորդներից Խաչատուր Քոքոբելյանի դիտարկմամբ՝ ձմեռային այս ցուրտ օրը բոլոր քաղաքացիների աչքերում հույս ու ջերմություն կա, բոլորը վճռական են տրամադրված։ Ըստ նրա՝ ավելի մեծ պատգամ, քան քաղաքացու պատգամն է, քաղաքական գործչի համար չկա, և ավելի մեծ խնդիր, քան ՀՀ քաղաքացու խնդիրն է, պետք է ոչ ոք չունենա. ««Մենք» դաշինքի հերոսը ՀՀ քաղաքացին է, այսինքն՝ մեր ողջ գործունեությունը, մեր ծրագրերը, բոլորը միտված են և բոլորը մեկ նպատակ ունեն՝ բարելավել ՀՀ քաղաքացու կյանքը, ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգությունը»։

Ներկայացնելով իրենց ծրագիրը, այն դրույթները, ինչ չեն ասում մյուս ուժերը, Քոքոբելյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորի մանդատը լծակ է՝ լուծելու առկա բոլոր խնդիրները։

Խ. Քոքոբելյանը հայտարարեց, որ Հայաստանում ստվերը 35%-ից ավելի է, բայց նույնիսկ 30% դեպքում բյուջե չի մուտքագրվում 1 մլրդ դոլարից ոչ պակաս։ Նա հարցադրում արեց՝ որտեղի՞ց այդ ստվերը։

«ՀՀ նախկին իշխանությունների կողմից 20 տարվա ընթացքում աստիճանաբար հարստահարվել է ՀՀ քաղաքացին։ Ի սեր Աստծո, իմ թիրախը ՀՀԿ-ն չէ, իմ թիրախը նրանց այն ղեկավարներն են, որոնք Հայաստանը հասցրել են այս օրի։ Բայց մինչև այս պահը նորից վերացված չէ ստվերը։ Միայն ստվերի մուտքագրումով ՀՀ-ում այսօր կենսամակարդակի առնվազն 25% բարձրացում կարելի է ապահովել»։

Տեսանյութեր

Լրահոս