«Ես զարմացած եմ Դավիթ Շահնազարյանի շատ-շատ հայտարարություններից». Խաչատուր Քոքոբելյան
«Ես զարմացած եմ Դավիթ Շահնազարյանի շատ-շատ հայտարարություններից։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, թե Հայաստանում այս փոփոխություններն Արցախի դեմ է, ես կարծում եմ, որ նա ընկալման խնդիր ունի, ով ուզում է՝ լինի»,- այսօր Գավառում նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողներին հայտարարեց «Մենք» դաշինքի առաջնորդներից Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով Արցախի և «Իմ քայլը» դաշինքի վերաբերյալ Դավիթ Շահնազարյանի հայտարարություններին ու նրան ԱԱԾ հրավիրելու հանգամանքին։
Ըստ նրա՝ վարչապետը ճիշտ է ասում, որ այս շարժումը, այս փոփոխությունների թափանիվը, որը սկսվել է և առաջ է գնում, չի հանդուրժելու ոչ մի մարդու, որը հակահեղափոխության ուղղություն է ուզում:
«Չի կարելի այդքան պարզունակ ձևակերպումներով փորձել, օրինակ, այս փոփոխությունների համար մեր քաղաքացիների պայքարը հակադրել և արհեստականորեն փորձել դա Արցախի դեմ հանդես բերել։ Այս փոփոխություններին մասնակցել են նաև մեր արցախցի հայրենակիցները և, ի պատիվ իրենց, իրենց քաղաքացիական դիրքորոշումներով աջակցել են»,- ասաց Խ.Քոքոբելյանը՝ խորհուրդ տալով բոլորին Արցախի հիմնախնդիրը մանրադրամի չվերածել։