«Հնարավորություն կունենան թալանված գումարի մի մասը հետ վճարելով՝ օրինականացնել այն թալանը, որ արել են». Հայկ Գրիգորյան
«Ազգային առաջընթաց» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Գրիգորյանն այսօր «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ» խորագրով հանրային քննարկման ժամանակ ասաց, որ խնդիրը երկու մասից է բաղկացած՝ ապօրինի հարստացում և ակտիվների վերադարձ, և ընդգծեց, որ իրենց ծրագրում հատուկ կետ կա ակտիվների վերադարձի մասին. «Եթե ունենայինք նորմալ, ժողովրդավարական երկիր, միայն կխոսեինք ապօրինի հարստացման իրավական մեխանիզմը կատարելագործելու մասին, բայց քանի որ ունենք շուրջ 20 տարվա ակտիվների թալան և ազգային հարստության թալան, պետք է խոսենք նաև դրա մասին։
Մեր ծրագրով նախատեսվում է՝ վերջին 20 տարվա ընթացքում ապօրինի հարստացման կամ անհայտ աղբյուրից ծագած եկամուտների համար հատուկ օրենք ընդունվի, որը սահմանի 6 ամսվա ամնիստիոն շրջան, և 6 ամսվա ընթացքում այն մարդիկ, ովքեր կամավոր կհամագործակցեն հետաքննության հետ, հնարավորություն կունենան այդ թալանված գումարի մի մասը հետ վճարելով՝ օրինականացնել այն թալանը, որ արել են»։
Դա, ըստ նրա՝ գործող կառավարության մոտեցումից տարբերվում է նրանով, որ, եթե, օրինակ՝ առանձնատուն են նվիրում անհատ մարդիկ, երկու խնդիր է ծագում՝ հասարակությունը չունի այն վստահությունը, որ դա կոնկրետ այն թալանածն է, որ տվել է տվյալ պաշտոնյան, երկրորդ՝ այդ պաշտոնյան, նրա խոսքով՝ չունի իրավական երաշխիք, որ իր հետևից հաջորդ կառավարությունը չի գա. «Այսինքն՝ կառավարության ներկայիս մոտեցումը թերի է, իսկ մեր ծրագրով նախատեսածն իրավական իմաստով կատարյալ է։
Միայն հայտարարագիր ներկայացնելը բավարար չէ, պետք է լինեն վերահսկող մարմիններ, և չորրորդ իշխանությունը մեծ դեր ունի նաև այդ ոլորտում։ Պետք է համապատասխան ավելի խիստ քրեական հոդվածներ լինեն, որ մարդիկ մինչև հայտարարագիրը ներկայացնելը 10 անգամ նայեն այն»։