Կառավարությունում քննարկել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հնարավորությունները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր մեր հանդիպման ֆորմալ առիթը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, բայց բնականաբար, միշտ ուրախ եմ ձեզ տեսնել և քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանի Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ, պետք է խոստովանել, որ այդ խնդիրները շատ են, բայց գլխավոր հարցը, որ ծագում է, հետևյալն է. ինչպե՞ս պետք է մոտենալ այդ խնդիրներին, որպեսզի դրանց հեղեղի մեջ չկորչել: Կարծում եմ, որ հիմնական մեթոդը պետք է լինի այդ խնդիրների դասակարգումն ըստ առաջնահերթության և փորձել քայլ առ քայլ լուծել դրանք: Ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, այլև որևէ այլ ոլորտում եթե մենք փորձենք միանգամից բոլոր հարցերը լուծել՝ ավելի մեծ հավանականությամբ կխճճվենք և արդյունքներ չենք ունենա, ուստի ավելի ճիշտ է ըստ առաջնահերթությունների դասակարգել խնդիրները և ունենալ դրանց լուծման ճանապարհային քարտեզ: Հույս ունեմ, որ այսօրվա մեր հանդիպումը կծառայի այդ նպատակին»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը ներկայացրել է հաշմանդամների խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Մասնավորապես, նախարարությունը վերջին ամիսների ընթացքում վերանայել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատակարգը, մշակման փուլում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքը, մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման մոդել: Շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ այսուհետ հաշմանդամներին տեխնիկական սարքավորումները տրամադրվելու են և ծառայությունները մատուցվելու են հավաստագրի միջոցով: «Քաղաքացին ինքը կարող է ընտրել այն տեխնիկական միջոցն ու ծառայությունը, որն իրեն անհրաժեշտ է: Այսինքն, դրանք այլևս պետական գնումների միջոցով չեն լինի: Այսպիսով մի կողմից կստեղծվի ազատ մրցակցություն այդ ծառայությունները տրամադրողների միջև, մյուս կողմից՝ մարդիկ կունենան ընտրության հնարավորություն՝ իրենց անհրաժեշտ ծառայություններն ընտրելիս»,- ասել է փոխնախարարը: Զարուհի Բաթոյանը նշել է, որ նախարարությունը պարբերաբար թեմատիկ քննարկումներ է անցկացնում շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ և հավելել, որ հաշմանդամների խնդիրները հիմնականում վերաբերվում են ծառայությունների բացակայությանը, անմատչելի միջավայրին, ֆիզիկական, տեղեկատվական ոչ մատչելի պայմաններին, համապատասխան տրանսպորտային միջոցների բացակայությանը: Փոխնախարարը նշել է, որ կառավարության քայլերն ուղղված են լինելու հաշմանդամների կյանքի և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը բոլոր ոլորտներում, որտեղ մարդն ունի աջակցության կարիք:

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում բարձրացվել են հաշմանդամներին հուզող տարբեր խնդիրներ, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, իսկ վարչապետի պաշտոնակատարի կողմից՝ կոնկրետ հանձնարարականներ: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խիստ վերահսկողության տակ պահել նորակառույց շենքերում, միջմարզային և քաղաքային տրանսպորտում հաշմանդամների համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրներն ու հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև աուտիզմով հիվանդ երեխաների խնդիրներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ երեխաների համար մասնագիտացված ժամանակակից կենտրոնի ստեղծման ուղղությամբ և հորդորել ՀԿ-ների ներկայացուցիչներին ներկայացնել առաջարկություններ:

Տեսանյութեր

Լրահոս