«Շատ լավ հասկանալով Ռուսաստանի հնարավոր արձագանքը՝ հայկական ուժերը չէին մեկնի Վրաստան ընդհանրապես»
Օգոստոսի 1-ից ՀՀ-ն մասնակցելու է Վրաստանում մեկնարկող «Վեհանձն գործընկեր-2018» (Noble Partner-2018) 15-օրյա զորավարժությանը, որին հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները՝ շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով: Նախօրեին այս մասին էր տեղեկացրել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից:
«Զորավարժությանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ 4 սպաներից բաղկացած խումբը: ՀՀ ԶՈՒ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում: Ընտրվել են միջազգային խաղաղության և կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների կողմից կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ: Զորավարժությունն անցկացվելու է համատեղ՝ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Վրաստանի զինված ուժերի կողմից՝ Վրաստանի Վազիանի և Նորիո ուսումնական կենտրոններում: Զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները՝ շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով:
Զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով: 2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40 հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը: 2018 թվականին ԱՄՆ աջակցությամբ ձեռք բերված և պատրաստվող դաշտային հոսպիտալի մասնակցությունը «Վեհանձն գործընկեր-2018» զորավարժությանը հնարավոր չէ, քանի որ հոսպիտալը հուլիսի 22-27-ը Հայաստանում ներգրավված է եղել միջազգային գնահատման զորավարժություններում, և մի քանի օրերի ընթացքում դրա վերատեղակայումն այլ վայր հնարավոր չէ: ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցության ձևաչափը և մասնակցության պայմանները համաձայնեցվել են վրացի գործընկերների հետ հունիսի սկզբին տեղի ունեցած զորավարժության պլանավորման համաժողովի ընթացքում»,- գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում:
168.am-ի հետ զրույցում եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանն ասաց, որ այս զորավարժությունները դիտարկվում են՝ որպես վրաց-ամերիկյան նախաձեռնություն, սակայն ընթանում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո և ՆԱՏՕ-ի աջակցությամբ, կազմակերպում է կոնկրետ վրացական կողմը՝ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ, թվով չորրորդ անգամ, ամեն տարի ավելի ու ավելի մասշտաբային զորավարժության է վերածվում:
Ըստ նրա, սա չի դիտարկվում՝ որպես անմիջականորեն ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպվող զորավարժություն, թեև ետևում ՆԱՏՕ-ն է, Հայաստանի մասնակցության հարցը սովորաբար դառնում է լայն քննարկումների առարկա՝ հաշվի առնելով Հայաստանի անվտանգության ոլորտում Ռուսաստանի բացառիկ դոմինանտ դիրքերն ու Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների առկա անհուսալի իրավիճակը:
«Թեև Ռուսաստանը երբևէ Հայաստան-Արևմուտք հարաբերությունների խորացման վերաբերյալ հրապարակային դիտողություններ չի արել, դժվար չէ գուշակել, թե ինչպես է Ռուսաստանն ընկալում հատկապես Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, սակայն այդ հարաբերությունները չափազանց հեռու են խորը դիտարկվելուց, դրանք ծրագրային համագործակցության մակարդակում գտնվող հարաբերություններ են: Իսկ Վրաստանում անցկացվող զորավարժությանը հայկական կողմը մասնակցում է, քանի որ դա տեղի է ունենում վրացական կողմի հրավերով, և այստեղ կարևորվում է տարածաշրջանային անվտանգության ամրապնդման տեսանկյունից, կարևոր է, որ այս զորավարժություններին մասնակցում են վրացական, հայկական և ադրբեջանական ուժերը զուգահեռաբար»,- ասաց Ջերմանը:
Վերջինիս համոզմամբ՝ Ռուսաստանը չի արձագանքի որևէ կերպ, և դա ամենևին պայմանավորված չէ այն փոքրաթիվ կոնտինգենտով, որ Հայաստանն է ուղարկում Վազիանի: Հարցը, ըստ նրա, այն է, որ ՀՀ ՊՆ տարածած տեղեկատվությունից տեսանելի է` հայկական կողմը հաշվարկել է իր բոլոր քայլերը:
«Շատ լավ հասկանալով Ռուսաստանի հնարավոր արձագանքը՝ հայկական ուժերը չէին մեկնի Վրաստան ընդհանրապես: Ուստի կարծում եմ` այս հարցում Ռուսաստանի արձագանքը քննարկելը տեղին չէ: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում շատ ավելի լայն ծրագրեր կարող են իրականացվել, քանի որ ՆԱՏՕ-ի հնարավորությունները շատ ընդարձակ են»,- ասաց վերլուծաբանը: