Հավայիում Կիլաուեա հրաբխի արտանետած մոխիրը հասել է ավելի քան 9 կմ բարձրության
Հավայիում Կիլաուեա հրաբուխը մոտավորապես 9,1 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ մոխիրը թափվում է մերձակա մի քանի բնակավայրերի վրա: Ծառայության գնահատումների համաձայն՝ մոխրի ու լավայի արտանետումների ինտենսիվությունը կարող է մեծանալ «ցանկացած պահի», ուստի տեղի բնակիչները պետք է պատրաստ լինեն իրադարձությունների նման զարգացմանը:
Ծառայության մասնագետները տագնապի բարձրագույն՝ կարմիր մակարդակ են սահմանել, ինչը նշանակում է որ օդում մոխրի ամպ է գտնվում: Այն դժվարացնում է տեսանելիությունն օդաչուների համար եւ կարող է վնասել ինքնաթիռների շարժիչները:
Ինքնաթիռների անձնակազմերին հանձնարարված է չմտնել է հրաբխի մերձակա օդային տարածություն՝ խառնարանից ութ կիլոմետր շառավղով: Կիլաուեա հրաբխի ժայթքումն սկսվել է մայիսի 3-ին: Այն ուղեկցվել է 6,9 մագնիտուդով երկրաշարժով: Նահանգի նահանգապետ Դեւիդ Իգեն մայիսի 9-ին Փունայի օկրուգը, որի մերձակայքում է գտնվում հրաբուխը, հայտարարելէ տարերային աղետի գոտի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բավարարել է Հավայի կղզուն օգնություն հատկացնելու պահանջը՝ կապված հրաբխի ժայթքման հետեւանքների հետ: Ընդամենը տարերքի հարվածին ենթարկված գոտուց վերջին գրեթե երկու շաբաթվա ընթացքում տարհանվել է մոտավորապես 2 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` REUTERS