«Երիտասադը դժգոհ է եղել հոգեբանի ծառայությունից. հարվածները հասցվել են թուղթ կտրելու դանակով». հայտնի հոգեբանի սպանության գործը դատարանում է
Հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործը դատարանում է։ Գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Գագիկ Պողոսյանին։
Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ Հ. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնում, դժգոհ մնալով նույն կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանի կողմից իր բուժման ընթացքում մատուցած ծառայություններից և բուժման անարդյունք մեթոդիկայից, վերջինիս կողմից իր ծառայողական գործունեության կատարման հետ կապված, թուղթ կտրելու դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել հոգեբան Ռուբեն Պողոսյանի դեմքի և պարանոցի շրջանում, որից հետո վերջինս «դեմքի, պարանոցի բազմաթիվ ծակած-կտրած վերքեր» նախնական ախտորոշմամբ ընդունվել է «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր ԲԿ, որտեղ մահացել է։
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալի նկատմամբ նշանակվել էր դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացությամբ մեղադրյալը ճանաչվել է անմեղսունակ:
Հոգեբան Ռուբեն Պողոսյանը կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներով Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 2017 թվականի հուլիսի 17-ին, որտեղ օրեր անց՝ հուլիսի 20-ին, մահացել է:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել էր, որ պրոֆեսորը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է իր աշխատասենյակում, հոգեբանական կենտրոնի այցելու, 1983թ. ծնված Հ. Համբարձումյանի կողմից։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա` 1983թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն՝ մեղադրյալի հոգեկան վիճակը, այդ թվում՝ մեղսագրվող արարքը կատարելու պահին, պարզելու համար:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ համաձայն ստացված եզրակացության՝ Հ. Համբարձումյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև ցնորազառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ և իրավախախտումը կատարելիս գտնվել է հոգեկան հիվանդագին խանգարվածության վիճակում, արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Փորձագետների գնահատմամբ՝ ներկայումս նա նույնպես չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նրան ճանաչել են անմեղսունակ:
Քննիչը որոշում է կայացրել քրեական գործով Հ.Համբարձումյանի նկատմամբ հարուցել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ: Միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը որպես անվտանգության միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել էր: