«Այս բառերը շատ ենք ասում, 10 տարի, 5 տարի առաջ էլ էինք ասում, որ գործի անցնելու ժամանակն է»

Հարցազրույց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ

Պարոն Բաղդասարյան, Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ իր ելույթում Սերժ Սարգսյանն առաջնահերթություն սահմանեց ներգաղթը` ուղենիշ սահմանելով 2040 թ. 4 մլն բնակչություն: Հանրապետականն ինչպե՞ս է պատրաստվում ապահովել այդ արդյունքը, եթե շատ մասնագետներ՝ որպես արտագաղթի հիմնական պատճառ, նշում են ոչ թե սոցիալ-տնտեսական պայմանները, այլ անարդարությունն ու վստահության պակասը:

– Այո, ամենակարևոր հանգամանքը վստահության վերականգնումն է և ապագայի հանդեպ անորոշության վերացումը: Արտագաղթի հիմնական պատճառներից է նաև արդարության պակասը, այսինքն` պաշտպանվածության պակասը, իրավական դաշտում քաշքշուկները: Հիմա մենք թիրախավորել ենք այդ կետերը: Մեր հարցումները ցույց են տալիս, որ շատ քիչ տոկոսն է սոցիալական խնդիրը բարձրացնում: Մենք որդեգրած այդ քաղաքականությանը, ի վերջո, վերջ դրեցինք, որ 1-2 տարվա կտրվածքով էին ծրագրեր մշակվում, որ ասում էին` մենք ենք այս 2 տարին իշխանության, հետո տեսնենք՝ ապագան ինչ կլինի: Ներկայիս ծրագրերը բոլորը միտված են ապագային մինչև 2040 թ.:

Ներգաղթի հիմնական ատրիբուտները վստահության և ապագայի նկատմամբ հավատի բարձրացումն է և արդարության հաստատումը: Բոլոր խոչընդոտները պետք է պարզապես արմատախիլ արվեն: Ինձ թվում է՝ ներգաղթի պոտենցիալ ունենք, որովհետև դարեր շարունակ մեր ժողովուրդը հայտնի է իր հող ու ջրի հետ կապվածությամբ:

Շատ մարդիկ, երբ խոսում ենք նրանց հետ, ասում են, որ, երբ իրենց ուզած պայմանները լինեն, կվերադառնան Հայաստան, իրենց հողն ու ջուրը: Դա նաև Սփյուռքի ամենահին արտագաղթած ընտանիքներին է վերաբերում, ոչ միայն անկախության տարիներին գնացածներին: Եվ մենք պետք է կարողանանք հասնել դրան:

Իրոք, մենք ունենք լուրջ պրոբլեմներ և խնդիրներ: Ինչի՞ց են առաջանում սոցիալական խնդիրները: Սոցիալական խնդիրները հիմնականում առաջանում են անհավասար պայմաններից, արդարության պակասից, որին նաև զուգորդվում է ապագայի նկատմամբ անորոշությունը:

Այսօր, եթե ծնողի հետ խոսում ես, ասում է` լավ, կրթությունից չենք բողոքում, բայց ավարտելուց հետո ի՞նչ պետք է անի իմ երեխան: Եթե մենք ունենանք հեռանկարային, կարճաժամկետ, երկարաժամկետ ծրագրեր, որ հիմա անում ենք, որ ծնողը հստակ իմանա, որ ավարտելուց 5 տարի, 10 տարի հետո Հայաստանի  Հանրապետությունում ինչ հեռանկարներ կան:

Առաջին հերթին՝ այդտեղ հավատն է պետք: Երկրորդը` մարդիկ իմանան, որ ապագա կա, և կարող են կապվել այս երկրի հետ: Դրա համար մենք պետք է ուսումնասիրենք առաջարկն ու պահանջարկը, ի՞նչ առաջարկ կա մեր երկրում, և ի՞նչ ենք պահանջում կրթությունից, արդյունաբերությունից և տնտեսությունից:

Մենք պահանջում ենք, որ իմանանք, թե 5-10 տարի հետո զարգացման ինչ հեռանկարներ կան, նման մասնագետներ պատրաստենք: Անկախությունից հետո ինժեներական կորպուսը մենք վերացրեցինք, այսինքն՝ դա արդյունաբերության զարգացման պակասի հետևանքն էր: Իսկ մի ժամանակ մեր ամենամեծ հիմքն ինժեներական կորպուսն էր, որովհետև մենք արդյունաբերական երկիր ենք եղել: Հիմա, եթե մենք զարգացնում ենք արդյունաբերությունը, բայց մասնագետների պակաս կա, այդտեղ լուրջ խնդիր ենք ունենում:

Քիմիական արդյունաբերության գիգանտներ ենք ունեցել, բայց, հասկանալի է, պահանջարկի, այլ խնդիրներով և պատճառներով քայքայվեցին: Հիմա եթե շեշտը դնենք քիմիական արդյունաբերության վրա, մենք մի մասնագետ չունենք, մնացել են մի քանի մասնագետներ, թոշակառուներ, որ տարեցտարի պակասում են: Այսինքն` պետք է նորից ստեղծենք: Եթե մենք կարողանանք այս ծրագրերն իրականություն դարձնել, ինձ թվում է՝ նախագահի հայտարարած ներգաղթի ծրագիրն իրականացնելի է: Չիրականացնելի ոչինչ չեմ տեսնում:

Ձեր խոսքից հետևում է, որ, օրինակ, դատարաններում կոռուպցիան բացառվելու է, քաշքշուկները վերանալու են, քաղաքացիները պետական մարմինների հետ հարաբերություններում այլևս խնդիրներ չեն ունենա, և այլն: Բայց այդ ամենի մասին տարիներ շարունակ է խոսվում, իսկ գործնականում իրավիճակն այդքան էլ չի փոխվել:

– Դատաիրավական համակարգում խնդիրը դատավորների քիչ քանակությունն է և գործերի ահռելի քանակը: Մեկ դատավորին մեկ ամսում 30-40 գործ է բաժին ընկնում: Դա պարզապես ֆիզիկապես հնարավոր չէ: Համակարգային փոփոխություններ են պետք: Իրոք, քաշքշուկները շատ են: Պետք է բացառվեն միջնորդությունները, անհավասար մոտեցումները: Մենք դատավորների աշխատավարձը բավականին բարձրացրեցինք, որպեսզի ավելի օբյեկտիվ լինեն, բայց չէի ասի, թե դա լիովին աշխատել է: Ասում են` է, ինչ ենք ստանում, որ: Գործերն իրոք շատ են, հողային, անձնական, վարչական վեճերը կուտակվում են:

Բայց խոստումներն էլ են կուտակվում, իշխանությունն անընդհատ ասում է` պետք է ուսումնասիրենք, տեսնենք՝ ո՞րն է խնդիրը:

– Ինձ թվում է` ուսումնասիրությունների ժամանակն անցել է, և կտրուկ քայլեր պետք է արվեն այդ ոլորտում:

Խնդիրներն ու նույն իրավիճակը բոլոր ոլորտներում են, ոչ միայն՝ դատական:

– Բոլոր ոլորտներում պետք է աշխատենք: Կառավարությունը մեկ տարվա արդյունքները ներկայացրեց, բայց արդեն ժամանակն է, որ հանրությունն իր մաշկի վրա զգա այդ փոփոխությունները: Արդեն գործի անցնելու ժամանակն է: Մենք, իհարկե, այս բառերը շատ ենք ասում, 10 տարի, 5 տարի առաջ էլ էինք ասում, որ գործի անցնելու ժամանակն է:

Իսկ ինչո՞ւ չեք անցնում գործի:

– Եթե գործի անցնելու տեմպերը մեզ բավարարած լինեին, բնականաբար, այս փոփոխությունները չէին լինի: Ընդ որում` համակարգային փոփոխությունը, որ հեղափոխություն էր, խորհրդարանական կառավարման համակարգի անցնելը, կառավարության փոփոխությունը, և այլն: Կարծում եմ` կադրերը փոխելով չէ, որ պետք է խնդիրները լուծենք: Համակարգային ճիշտ լուծումներ պետք է գտնենք: Ես չեմ կարծում, որ մեկ ուրիշը կարող էր լինել և կարողանալ այս խնդիրներն օբյեկտիվորեն լուծել:

Մենք համագործակցում ենք բոլոր ուժերի հետ, թող տան այդ լուծման ճանապարհները: Վերացել է այն, որ միայն մենք ու մեր առաջարկները պետք է քննարկենք: Ցանկացած խելամիտ առաջարկություն քննարկման սեղանին է դրվում: Բայց ամեն ինչ պետք է նայել համեմատության դաշտում, օրինակ` տարածաշրջանի երկրների համեմատ՝ մենք բավականին լավ վիճակում ենք, նաև հաշվի առնելով աշխարհաքաղաքական դիրքը, պատերազմական վիճակը և այլն:

Համաժողովի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց նորամուծության մասին, ըստ որի՝ պաշտոնյաներն իրենց հայտարարագրում պետք է նշեն նաև բանակում ծառայելու մասին: Սակայն արդյոք դա կփոխի՞ հասարակության վերաբերմունքը, քանի որ գիտենք, որ հայտարարագրերում նշված ամեն ինչ չէ, որ համապատասխանում է իրականությանը, իսկ պաշտոնյաների որդիների ծառայության վերաբերյալ ՊՆ-ի տրամադրած սկանդալային ցուցակն ապացուցեց, որ կա՛մ նրանք չեն ծառայում, կա՛մ ծառայում են տաքուկ անկյունում։ Ի՞նչ է փոխելու այդ հայտարարագրումը։

– Միայն հայտարարագրում չէ, նաև քաղաքական կամք և մոտեցում է պահանջվում։ Պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուրս գիտակցենք, որ, եթե երազում է հայը տղա ունենալու մասին, նրան առաջին հերթին՝ պետք է որպես զինվորացու մեծացնի։ Օրինակ՝ իմ ընտանիքում այդ հոգեբանությամբ ենք ապրում, և, իհարկե, դեռ իմ տղաները փոքր են, բայց իմ բոլոր հարազատների երեխաները պարտադիր կերպով ծառայում են Հայկական բանակում։

Այդ հոգեբանությունը պետք է լինի։ Եվ նրանք արդեն հասկացել են, որ, եթե ծառայած չեն լինում, այդ երեխայի ճակատագրի հետ հետագայում խնդիրներ են առաջանում, որովհետև առաջին պայմանը պետական աշխատանքի՝ ծառայությունն է։ Դա հոգեբանական խնդիր է, որ պետք է հաղթահարվի։ Իհարկե, մենք ծնողների իրավիճակի մեջ էլ ենք մտնում, այս իրավիճակում՝ անընդհատ կրակոցներ, զոհեր, ծնողը երեխայի մասին մտածելով՝ գնում է նաև այլ ճանապարհներով։ Բայց արդեն դուք էլ պետք է նկատած լինեք, որ նման խայտաբղետ, զարտուղի ճանապարհներով ինչ-որ նպատակի հասնելն աստիճանաբար բացառվում է։

Վերջին դեպքերը՝ կալանավորումներ, ստուգումներ, յուրաքանչյուրը հասկանում է, թե ինչ վտանգավոր քայլի է գնում՝ առողջ երեխային հիվանդ ձևակերպելով։ Եվ բավականին նման բացահայտումներ եղան, և չպետք է պարզապես մենք այդ ճանապարհով, վախեցնելով գնանք։ Իրոք, պետք է հոգեբանություն փոխվի մեր մեջ։ Պետք է հասնենք նրան, որ դա բոլորիս պարտքն է։ Չպետք է ոսկորին հասնի դանակը, որ հասկանանք, որ ազգովի պետք է միասնական լինենք։ Դրա հիմքերը պետք է ստեղծվեն։ Ինձ թվում է, որ Վիգեն Սարգսյանի նշածն իրատեսական է։ Հայտարարագրումն էլ կարող է ինչ-որ ատրիբուտ հանդիսանալ։

Ընդամենը՝ փաստաթղթերով ամեն ինչ կարգին կլինի։

– Սպասենք և տեսնենք արդյունքները։ Ինձ թվում է՝ փոփոխություններն արդեն վերջին մեկ տարվա ընթացքում պետք է զգացած լինեինք։ Մեծ փաթեթ է դրվել շրջանառության մեջ՝ 2 օրենքներով՝ պաշտպանության մասին և զինծառայողների կարգավիճակի մասին։ Դրանում բավականին հարցերի պատասխաններ տրվում են՝ հավասար պայմանների ստեղծման, տարկետման, կիլոմետրերի հետ կապված, որտեղ չինովնիկները բավականին կարողանում էին խաղալ, այսինքն՝ վիճակահանություն է լինելու, որը բավականին արդար հողի վրա է դնում զինծառայողի ծառայությունը։

Տեսանյութեր

Լրահոս