Բաժիններ՝

«Երբեմն մեծ թռիչքի համար պետք է մեկ քայլ ետ գնալ». Ռոնալդուի կյանքի փիլիսոփայությունը

Նրան կամ սիրում են, կամ՝ ատում: Տարիների տքնաջան աշխատանքի և համառության շնորհիվ նա դարձել է լավագույնն աշխարհում: Անկախ ֆուտբոլային փիլիսոփայությունից՝ դժվար է ժխտելը, որ նա և իր արգենտինացի գործընկերը մի մակարդակում են, որին դժվար թե հասնել հնարավոր լինի: Կրիշտիանու Ռոնալդու. մարդ, ում մասին խոսակցությունները պարզապես չեն դադարում:

Այս օրերին էլ նրան քննարկում է ամբողջ աշխարհը: Հարկային սկանդալ, փոխնակ մորից լույս աշխարհ եկած երկվորյակներ և ևս մեկ փոքրիկի լույս աշխարհ գալու մասին ասեկոսեներ:

Աշխարհի ամենաքննարկվող մարդկանցից մեկին հասկանալու համար առանձնացրել ենք նրա ամենատպավորիչ մտքերը:

• Մենք ունենք գումար, մենք ունենք մեքենաներ, մենք ունենք ամեն ինչ։ Բայց դուք չգիտեք՝ այդ ամենն ունենալու համար մենք ինչերի միջով ենք անցել։

• Այն պահին, երբ ես իմացա հորս մահվան մասին, ես մտածեցի, որ իմ կյանքն ավարտվեց։ Սակայն ես հավաքվեցի և արեցի այն, ինչ ուզում էր հայրս. նա ուզուն էր, որ ես դառնամ լավագույնը։

• Գուցե ձեզ համար լավագույնը Մեսսին է, մյուսի համար՝ Ինիեստան։ Ես հարգում եմ ձեր ընտրությունը, սակայն ինձ համար լավագույնը ես եմ։

• Ես նայում եմ Մեսսիին ոչ որպես մրցակից։ Նա ինձ համար մեկն է, որ ինձ դարձնում է ավելի լավը։ Նույն կերպ ես էլ եմ դարձնում նրան էլ ավելի լավը։

• Մոտիվացիան ամենակարևոր պահն է։ Եթե դու անընդհատ պահպանես բարձր մակարդակը ինքնակառավարման շնորհիվ, ապա կկարողանաս անընդհատ հաջողությունների հասնել։ Ես միշտ փորձում եմ լինել լավ տրամադրված և վստահ իմ ուժերի վրա։

• Ստեղծեք սեփական կանոնները, դրեք նպատակներ և հասեք դրանց։ Ձեր փոխարեն դա ոչ ոք չի անելու:

• Բոլորը չէ, որ սիրում են Աստծուն։ Ինչու՞ բոլորը պետք է սիրեն ինձ:

• Իմ հայրը միշտ սովորեցնում էր ինձ, որ եթե դու օգնում ես ուրիշներին, Աստված քեզ կրկնակի է պարգևատրում: Այդպես էլ պատահեց ինձ հետ: Ես փորձում էի օգնել կարիքավորներին, իսկ Աստված օգնեց ինձ կրկնակի:

• Եթե ես չդառնայի ֆուտբոլիստ, ապա, ամենայն հավանականությամբ, կլինեի մատուցող:

• Ինձ դուր է գալիս, որ մարդիկ ծիծաղում են ինձ վրա: Սիրում եմ տեսնել ատելություն նրանց աչքերում, լսել վիրավորանքներ: Սա ինձ ոչ մի կերպ չի վիրավորում: Ես միշտ պատասխանում եմ նրանց խաղադաշտում:

• Երբ ես 7 տարեկան էի, ես ասացի հորս, որ ցանկանում եմ այնպիսի տուն, ինչպիսին ունի Մայքլ Ջեքսոնը: Այն ժամանակ նա ինձ ասաց, որ երազնանքերը միշտ էլ մնում են երազանքներ: Ես մեծացել եմ ու իմ երազանքը իրականացել է: Ափսոս, որ այս ամենը չի տեսնում հայրս:

• Ես կարծում եմ, որ ֆուտբոլում նույն կանոններն են, ինչ կյանքում: Ֆուտբոլն ինձ սովորեցրեց, որ նպատակին կարելի է հասնել միայն տքնաջան աշխատանքով, համառությամբ և վճռականությամբ:

• Ես սիրում եմ պոզիտիվ մարդկանց, ովքեր սիրում են կյանքը: Այդ մարդկանց տրամադրությունը միշտ դրական է ազդում նաև ինձ վրա:

• Երբեմն մեծ թռիչքի համար պետք է մեկ քայլ ետ գնալ:

• Իմ հոգեբանական ամենամեծ առավելությունն այն է, որ ես միշտ փորձում եմ լինել լավագույնը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս