
«Իսկ դուք պատրա՞ստ եք ինձ տեսնել նման կառույցի ղեկավար». Դավիթ Տոնոյանը` սուպերնախարարության մասին

Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության միավորումը լիովին հնարավոր է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը` նշելով, որ կլինի առանձին վերլուծություն:
Թե ո՞ւմ համար է ստեղծվելու այդ սուպերնախարարությունը, Դ.Տոնոյանը նշեց, որ դեռևս այդպիսի նախագիծ չկա, որ որոշեն, թե ում համար է.
«Սուպերնախարարությունների ստեղծման հարցը դրված չի օրակարգում»: Ավելին, ըստ նրա, նման անհրաժեշտություն այսօր չկա:
Հարցին` դուք ձեզ տեսնո՞ւմ եք որպես նման խոշոր կառույցի ղեկավար, Դ.Տոնոյանը հարցով պատասխանեց. «Իսկ դուք ինձ պատրա՞ստ եք տեսնել նման կառույցի ղեկավար»:
Դ.Տոնոյանը նշեց, որ ԱԻՆ-ի և ոստիկանության համատեղ գործելու միջազգային օրինակներ կան, բայց ՆԳՆ-ն այդ պարագայում չի գործում ԽՍՀՄ տարբերակով:
Անդրադառնալով նախարարությունում կադրային փոփոխություններին, մասնավորապես` ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանի պաշտոնանկությանը, Դ.Տոնոյանը նշեց, որ նա, ինչպես նաև այլք, ազատվել է աշխատանքից սեփական դիմումների համաձայն: