«Մեր հայրենակիցները հնդկաձավար չեն օգտագործում». Հրանուշ Հակոբյանը` սիրիահայերի դժգոհության մասին
«Մեր հայրենակիցները հնդկաձավար չեն օգտագործում, իրենց համար նորություն է և սա դժգոհություն է առաջացնում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` մեկնաբանելով Սիրիա ուղարկված օգնության կապակցությամբ հնչած դժգոհությունները:
Ըստ նրա` Սիրիա է ուղարկվել սնունդ, հայկական արտադրության հագուստ.
«Բնականաբար, բրենդային հագուստ չենք գնում»:
Հ.Հակոբյանը նշեց, որ հայկական օգնությունը բաժանվել է նաև արաբներին, քանի որ ծանր օրերին միասին պետք է կիսեն հացը: Նրա խոսքով` մի բարերար X տոննա ցորեն է ուղարկել, որից այնտեղ ալյուր են ստացել և լավաշ թխել ու բոլորին բաժանել:
Անդրադառնալով «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժմանը` Հ.Հակոբյանը հայտարարեց, որ այն շատ դրական արդյունք է տվել, երեխաներին սովորեցնում են Արցախի օրհներգը, Շտուտգարդից, Կանադայից, ԱՄՆ-ից մեծ օգնություն է տրամադրվում զոհվածների, ազատամարտիկների ընտանիքներին:
Հայրնադարձության վերաբերյալ Հ.Հակոբյանը նշեց, որ բազմաթիվ հայրենակիցներ են վերադարձել: Սակայն, ըստ նրա, պետք է հայրենադարձությունը լայն ընկալել, և կարելի է այդպիսին համարել նրանց, որոնք այստեղ բիզնես են դնում, բնակարան են գնում, տարվա մեջ մի 4-5 անգամ այցելում են Հայաստան և այլն. «Ամենագրավիչ մասը այստեղ անվտանգությունն է, որ գիշերվա ժամերին կարող են ազատ շրջել փողոցներով, երկրորդ գրավիչը մեր դպրոցներն են, որ այստեղ չկան այն բաց սովորույթները, որ ցավոք, կան տարբեր երկրների տարբեր դպրոցներում»: