«Դիվանագիտական աշխատանքն այն աշխատանքն է, որի մասին այդքան չեն գոռգոռում». Էդվարդ Նալբանդյան

«Դուք կարծում եք՝ օդի՞ց է եղել, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ընդունված որոշումները լրիվ համահունչ էին նրան, ինչ ՀՀ նախագահն էր ասում այդ հանդիպումներից առաջ: Մենք ասում էինք, որ հրադադարի եռակողմ համաձայնագրերը, որոնք կնքվել էին անժամկետ՝ Ադրբեջանի, ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև, պետք է անխտիր իրականացվեն: Եռանախագահող երկրներն ի՞նչ ասացին ոչ միայն՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում:

Ասում եք՝ հասցեական չէին հայտարարությունները: Բա ո՞ւմ էին ուղղված: Մենք էինք ասում, ոչ թե Ադրբեջանի ղեկավարությունը, որ պետք է անժամկետ հրադադարի համաձայնագրերն անխտիր կատարվեն: Դա Հայաստանն է ասում, Ղարաբաղն է ասում, եռանախագահներն են ասում»,- այսօր ԱԺ-ում 2016թ.-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցի, թե ինչպե՞ս հասկանալ, որ սահմանում ամեն օր լարված վիճակ է, ամեն օր ունենք զոհեր, այն ժամանակ, երբ անցած տարի ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ բանավոր համաձայնություն ձեռք բերվեց զինադադարի պայմանագրի շրջանակներում հրադադարի պահպանման մասին:

Ըստ նրա` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հետաքննության մեխանիզմների ներդրման մասին ձեռք բերված պայմանավորվածությունն այն էր, ինչ Հայաստանն էր ասում: Է.Նալբանդյանը շեշտեց, որ այդ ամենն «օդից չի լինում», ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում նստած՝ չեն մտածում միայն ՀՀ-ի ու ԼՂՀ-ի մասին. «Դա համապատասխան աշխատանքի արդյունք է»:

Է.Նալբանդյանի կարծիքով` Ադրբեջանն այսօր մեկուսացվել է թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական առումով, քանի որ հրադադարի ռեժիմի խախտումների համար պատասխանատու է միջազգային հանրության հանդեպ, իսկ, օրինակ, ԵԱՀԿ Ֆինանսական հանձնաժողովում այս ընթացքում տեղի ունեցած 6 նիստերում բոլորը համաձայնություն են տվել մեխանիզմների ներդրմանը, բացի Ադրբեջանից. «Դիվանագիտական աշխատանքն այն աշխատանքն է, որի մասին էդքան չեն գոռգոռում, գլխավորը կոնկրետ արդյունքներն են: Դոշին խփելով` մենք որևէ բանի չենք հասնի, մենք պետք է հանգիստ, հավասարակշռված ձևով աշխատենք այնպես, որ մեր գործողություններն ըմբռնելի լինեն միջազգային հանրության կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս