Ինչո՞ւ ՍԱՍ-ի հայտնի ձայնագրության գործով մեղադրյալներ դեռ չկան

Ընտրությունների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքն առավելագույնս թափանցիկ է եղել, նույնիսկ ընտրությունների օրը ժամերի տարբերությամբ հաղորդում է տրվել ընտրախախտումների վերաբերյալ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Ըստ նրա՝ բազմիցս հրապարակվել է, որ բոլոր դրանցով  իրականացվել է պատշաճ ստուգում, հարուցվել են քրեական գործեր, մասնավորապես՝ ԱԺ ընտրությունների ընթացքում 20 քրգործ է հարուցվել, որից 14-ն ուղարկվել է դատարան, 10 գործ էլ հարուցվել է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում. «Դրանց բոլորով էլ տեղաշարժ կա, այսինքն՝ արդյունքներում կայացվել են հիմնավոր պատշաճ որոշումներ»։

ՍԱՍ-ի հայտնի ձայնագրության գործով մեղադրյալներ չլինելու խնդիրը գլխավոր դատախազը բացատրեց նրանով, որ որևէ անձի դատի տալն ունի օրենքով սահմանված չափորոշիչներ, պայմաններ. «Եվ եթե իրականացվում է 2 ամսվա նախաքննություն, ու այս պահի դրությամբ մեղադրանք առաջադրված չէ, դա օրենքի պահանջից բխող համապատասխան հետևանք է։ Քանի որ նախաքննության փուլում է, որևէ բան չի կարող հրապարակվել։ Բայց վերջնական որոշումից հետո շատ մանրամասնությամբ կներկայացվի»։

Հարցին՝ արդյոք բացառո՞ւմ է, որ կկարճվի գործը, Ա.Դավթյանը պատասխանեց. «Ես կբացառեի, երբ արդեն որոշում լիներ։ Քանի դեռ նախաքննություն է ընթանում, ես ոչ մի բան չեմ բացառում»։

Տեսանյութեր

Լրահոս