«Գուցե իրավիճակ ստեղծվի, որ մենք ցանկություն ունենանք մասնակցել Սիրիայում իրականացվող գործողություններին». Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե արդյոք երեկ կայացած Անվտանգության խորհրդի նիստում քննարկվե՞լ է Սիրիայում ռազմական գործողություններում հայկական զինված ուժերի մասնակցության հարցը, նախ՝ նշեց, որ նիստերի օրակարգը գաղտնի է, սակայն հավելեց, որ, բացի հումանիտար աջակցությունից, Սիրիայում լրացուցիչ ծրագրերի իրականացման հարց չի քննարկվել.

«Հատկապես այնտեղ զորք ուղարկելու հարց երեկ չի քննարկվել։ Առհասարակ այդպիսի քննարկումը չի բացառվում։ Գուցե իրավիճակ ստեղծվի, որ մենք՝ որպես պետություն, ցանկություն ունենանք մասնակցել այնտեղ իրականացվող գործողություններին, եթե դրա համար լինեն բոլոր անհրաժեշտ նախապայմանները։ Բայց, իհարկե, խոսքը ժամկետային զինծառայողներով մասնակցելու մասին չէ: Միայն պայմանագրային զինծառայողները և իրենց կամքով կարող են գործուղվել նման վայրեր»։

Պայմանագրային զինծառայողները, նախարարի խոսքով՝ շատ կարևոր են մեր Զինված ուժերում. «Չի կարող այնպես լինել, որ նրանց խնդիրները մեր ուշադրությունից դուրս լինեն»։

Սակայն պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի մասով նախարարը նշեց, որ աշխատավարձի բարձրացում առաջիկայում չի նախատեսվում. «Մենք հետևողական ենք լինելու նաև պայմանագրային զինծառայողներին լրացուցիչ պայմաններ ստեղծելու համար: Բոլոր դեպքերում, աշխատավարձերի բարձրացում, իրոք, նախատեսված չէ այս փուլում, որովհետև պայմանագրային զինծառայողի աշխատավարձի բարձրացումն ավտոմատ կերպով նշանակում է՝ ողջ սպայական անձնակազմի աշխատավարձերի բարձրացում, որն ընդհանուր գումարով բավականին մեծ ծավալ է կազմելու»։

Տեսանյութեր

Լրահոս