«Եթե հեղափոխության փորձ արվի, արձագանքը ցանկացած դեպքում կլինի շատ կոշտ». Դավիթ Հարությունյան
Եթե հեղափոխության փորձ արվի, արձագանքը ցանկացած դեպքում կլինի շատ կոշտ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության համաժողովի ժամանակ հեղափոխության անհրաժեշտության մասին հնչեցված հայտարարությունները։
«Մեզ շատ հետաքրքիր է լսել ընդդիմադիր գործիչներին»,- ասաց նա՝ նշելով, որ, եթե խոսքը պարունակում է առողջ քննադատություն, և կա միտք, դա շատ ողջունելի է, իշխանությանը ստիպում է ավելի ճկուն լինել, լուծումներ գտնել։
Ըստ Դ.Հարությունյանի՝ «թավշյա հեղափոխություն» ասվածը ոչինչ չի ասում. «Ցանկացած հեղափոխություն, եթե խոսքը վերաբերում է բռնի ուժով հեղափոխությանը, ենթադրում է նաև համապատասխան ազդելու միջոցներ, որովհետև խոսքը վերաբերում է սովորական, բանալ քրեական հանցագործությանը»։
Անդրադառնալով նախընտրական շրջանում ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանի կազմակերպությունում արված սկանդալային ձայնագրությանը և քրեական գործը կոծկելու մասին շրջանառվող լուրերին՝ նախարարը նշեց, որ գործի նյութերին տեղյակ չէ, բայց կուսակցությունում մտածում են, թե ինչ լրացուցիչ քայլեր պետք է արվեն, որպեսզի խստացնեն պատասխանատվությունը նման դեպքերի համար։