«Պատժիչ գործողությունը կատարվել է շատ արդյունավետ. Ադրբեջանն ունի 8 զոհ». Վիգեն Սարգսյան
«Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում։ Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է՝ ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով։ Այսինքն՝ նրա ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միմիայն ներքին և վերլուծության դժվար ենթարկվող խնդիրների համադրմամբ։ Այդ առումով, լինի դա ռուսական, իսրայելական թե թուրքական զենքի մատակարարումը, նոր ռիսկեր է ստեղծում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ մենք պետք է գնահատենք, թե ինչ հակառակորդի հետ գործ ունենք. «Մեր հաստատված տվյալների համաձայն` վերջին տասն օրերի ընթացում հակառակորդն ունի 8 զոհ, չհաստատված թիվը շատ ավելի մեծ է: Պատժիչ գործողությունը կատարվել է շատ արդյունավետ, բայց չունենք ապացույց։ Ադրբեջանում որևէ զոհ չի հուղարկավորվել, այնտեղ դեռևս չեն ասում այդ մասին։ Մենք պետք է պատրաստ լինենք ամեն պահի և պետք է սովորենք ապրել այն իրողության մեջ, որը կա տարածաշրջաում, միայն այդպես կարող է երկիրն ամուր լինել, երբեմն նաև դրա համար փորձություններ են պետք»։
Նախարարն ընդգծեց, որ լայնամասշտաբ պատերազմով Արցախի հարցը չի կարող լուծվել. «Լայնամաշտաբ պատերազմը ձեռնտու չէ Ադրբեջանին, դա անուղղելի վնաս կարող է հասցնել Ադրբեջանին` և՛ իր տնտեսության, և՛ պետության համար: Լայնամասշտաբ պատերազմը կարող է վնասներ բերել նաև Հայաստանին, բայց նրանց ղեկավարության համար անմտություն կլինի նման քայլի գնալը»։